Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրային այս միջավայրում իմ երկարատև լռությունը խախտվեց.
«Չպարզված հանգամանքներում». երբեմն հենց այս հերթապահ ձևակերպմամբ է մեզ մատուցվում զինվորների մահվան մասին լուրը: Այս անգամ այդպիսի «չպարզված հանգամանքներում» զորամասի պահպանության տեղամասում երկու զինվորի դի է հայտնաբերվել:
Երևանը պատել եք տեսախցիկներով, անգամ բանջարեղենի բակային խանութներում տեսախցիկներ կան: Լա՛վ, մի սուպերմարկետի պես էլ չի կարելի կառավարել զորամասերը, որտեղ չորս կողմից հսկվում են սեփականատիրոջ նյութական բարիքները: Իսկ զինվորի կյանքը պաթոսախեղդ բանաստեղծություններով չէ, որ պահպանվում է, այլ ծայրահեղ խիստ կարգուկանոնով:
«Գույքագրել» պատճառները. սա պիտի լինի թիվ մեկ խնդիրը: Հանցանքները պիտի կանխարգելել, ոչ թե անընդհատ հետևանքների վերացման վրա ռեսուրս ծախսել: Անգլիայում բնակարանային գողությունները զգալի կրճատվել են, երբ շենքերի մուտքերը սկսել են կահավորել կոդային փականներով: Մի՞թե հնարավոր չէ զորամասերը, դրանց շրջակայքը կահավորել տեսախցիկներով, հատուկ հսկող սարքերով, հետևել շարժին ամենայն խստությամբ ու հոգատարությամբ: Ու չասեք, թե թշնամին կիմանա մեր տեղակայումը: Մեր բոլորի տեղակայումը արբանյակից ստացված նկարահանումներով միլիմետր առ միլիմետր առկա է ու հասանելի համացանց մուտք գործող անգամ դպրոցական երեխային:
Զինվորական հանցագործությունների պերմանենտությունը էականորեն կնվազի
1. տեսահսկող սարքերի առկայությամբ
2. մահվան դեպքով զորամասի ողջ հրամանատարական կազմի հեռացմամբ
Հ.Գ. Լռությանս պատճառի մասին. գաղափարներ քննարկելու փոխարեն քննարկվում են անձինք... Մերժվածներին, նրանց մեկնաբանողներին ու նաև դրանով նրանց գործոն դարձնողներին, լոկալ ցավազրկումների հետ ասոցացվող գործընթացներին, տարբեր ամբիոններից իրար հետ լեզվակռիվ անողներին արձագանքելն, իմ պատկերացմամբ, բացարձակ չի տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ, քանի որ ցանկացած հեղափոխության նպատակը կոորդինալ, համակարգային փոփոխություններն են, ոչ թե փոխարինումներն ու փոխատեղումները: Բայց նախ պետք է դուրս գալ խորը նախնադարից»: