Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է բրգաձև իշխանություն, մինչդեռ այն պետք է լիներ ցանցային, ինչպիսին էր 2018-ի ապրիլյան հեղափոխությունը: Այս մասին նա ասել է «ՍիվիլՆեթ»-ի եթերում:
Մանուկյանը կարևորել է արցախյան կարգավորումը և նոր Սահմանադրության ընդունումը, որը երկիրը կդարձնի կիսանախագահական, և ժողովուրդը կկարողանա ուղիղ քվեարկությամբ ընտրել նախագահ:
«Հեղափոխության պահանջներից մեկն արդար արդարադատության հաստատումն է, որը տեղի է ունենում շատ դանդաղ: Այնքան դանդաղ, որ ռիսկի է ենթարկվում դրա արդյունավետության ավարտը: Սա բերում է առնետների համախմբման. լրջագույն համախմբում է տեղի ունենում: Էն գողացած փողներն էլ... աշխատում են, համախմբում են որկրամոլներին, սովածներին պատեհապաշտներին: Այս իշխանության դանդաղկոտությունը դրանց համախմբվելու հնարավորություն է տալիս»,- ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի խնդիրը պետք է լուծված լիներ մեկ տարի առաջ. «Չլուծելը բերեց կասկածների, լկտիության, էս կարգի սպանությունների, ինքնասպանությունների, ավոտմատների և այլն: Չի կարելի էսպես»,-ասել է նա:
Մանուկյանը նշել է, որ նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանին կապելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կիրառում են տակտիկան, որ այդ ուժերը չաջակցեն հեղափոխությանը. «Այս իշխանությունն այդ կուտը կերավ՝ գնաց դրան, որ ինքը կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի և 1996-ի ընտրությունների վերաբերյալ հայտարություններ է անում՝ ինքնակայացման համար: Ինքը կոմպլեքս ունի. որ իր չորս կողմը կարող են լինել իրենից ուժեղ քաղաքական գործիչներ...: Մերժել քո բազան, մերժել քո հիմքը, անցյալը, կենսագրությունը: Մեր կենսագրությունը շաղկապված է, ուզի թե չուզի Նիկոլ Փաշինյանը՝ և՛ պառլամենտում, և՛ Մարտի մեկով, և՛ հրապարակի պայքարի տարիներով»,- նշել է Մանուկյանը: