2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր վարչապետի ամենաբարդ նշանակումներից մեկը պետք է դառնար արտաքին գործերի նախարարի նշանակումը:
Ավարտին էր մոտեցել Էդուարդ Նալբանդյանի նախարարության տասնամյա նավարկությունը, նոր Հայաստանին նոր նախարար էր անհրաժեշտ: Թեկնածուները շատ էին: Արժանի, անարժան, ինքնակոչ, ինքնաառաջադրված և շրջանառության մեջ դրված անունների պակաս չկար:
Ալեքսանդր Արզումանյան, Ռուբեն Շուգարյան, Արմեն Բայբուրդյան, Ռուբեն Ռուբինյան, Արման Կիրակոսյան, մշտապես «ինքնաշրջանառվող» Թաթուլ Մարգարյան, Արսեն Խառատյան և այլն: Ընտրությունը բավականին բարդ էր և որոշում կայացնելու համար վարչապետ Փաշինյանն առավելապես առաջնորդվեց բացառման սկզբունքով, ինչպես նաև քաղաքական թիմի դրվատանքներով:
Ի սկզբանե բացառվեցին Շուգարյանը, Բայբուրդյանն ու Խառատյանը, քանի որ ԱՄՆ քաղաքացիություն, կամ կացության կարգավիճակ ունեին՝ ավելին, Խառատյանի կինը ԱՄՆ Պետդեպի աշխատակից էր և Վրաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ներկայացնող բարձրաատիճան պաշտոնյա էր: Այս իրողությունը բնականաբար կարող էր սխալ ընկալվել Մոսկվայում և Թեհրանում: Բացառվեց նաև երջանկահիշատակ Կիրակոսյանի թեկնածությունը, ով այդ ժամանակ արդեն իսկ առողջական խնդիրներ ուներ: Բացառվեցին նաևՄարգարյանն (նախկին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եղբայրը) ու Արզումանյանը, քանի որ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված էին: Արզումանյանը փոխկապակցված էր նախ առաջին նախագահի քաղաքական թիմի հետ, իսկ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեսպան էր նշանակվել 2017 թվականին: Բացառվեց նաև Ռուբինյանը' «մաքսիմում տեղակալ ձգի» հիմնավորմամբ:
Վերջապես ընտրությունը կանգ առավ հենց Մնացականյանի վրա, հաշվի առնելով նաև մի շարք այլ գործոններ:
Մնացականյանը տիրապետում էր Ֆրանսերենին, իսկ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող իշխանության համար սա կենսական նախապայման էր, քանի որ բարձր էշելոններում ֆրանսախոս չկար:
Մնացականյանը նախարարությունում վաստակել էր հաջող բանակցողի համբավ, մանավանդ 2012թ. ՀՀ-ԵՄ և 2007թ. ՀՀ-Թուրքիա բանակցություններում (Ա. Կիրակոսյանի ընդհանուր ղեկավարմամբ) իր ներգրավվածության համար:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մնացականյանը, կարծես, ընդունելի կերպար էր բոլորի համար: Նույնիսկ «չհավան» Նալբանդյանի համար, ով իր նոր աշխատասենյակի կահույքի մի մասը վստահել էր Մնացականյանի միջոցով Երևան առաքելուն: Սերժ Սարգսյանը, չնայած որոշակի վերապահումներ ուներ Մնացականյանի վերաբերյալ, կապված նրա բաց դժգոյության հետ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հարցում, սակայն կարծում էր, որ նա կարող է լավ ներկայացնել Հայաստանը ՄԱԿ-ում, քանի որ «փորձառու է և լեզուներ գիտի»: Ի դեպ, Մնացականյանն իր կարիերան սկսել էր հենց ԱԳՆ-ում և բավականին լավ հարաբերություններ ուներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, վերջինիս հետ աշխատել էր թե՛ Սարգսյանի վարչապետության, և թե՛ Մեծ Բրիտանիայում դեսպան աշխատելու տարիներին: Սակայն, ի հեճուկս այս փաստի, Արմեն Սարգսյանի գործոնն այս նշանակման հարցում մինիմալիզացված էր:
Հենց վերոնշյալ գործոնները հաշվի առնելով, Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը 2018թ. մայիսի 10-ին հեռախոսազանգ ստացավ Նիկոլ Փաշինյանից' առաջարկությամբ նշանակվելու ՀՀ 6-րդ արտաքին գործերի նախարար: