ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվելու հակաիրանական ու հակաամերիկյան գործընթացներում:
Նման գործընթացներում ներքաշվելը հաճախ այնքան էլ մեզանից կախում չունի, հատկապես եթե երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե չեզոքության, այլ պասիվության վրա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է վիզա տրամադրել իրանցիներին: Իհարկե ինչպես պարզվում է դեսպանության տարածած հայտարարությունից ծառայության դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ եթե Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացման պատճառով դա երկարաձգվի, դրանից տնտեսապես տուժելու է Հայաստանը, քանի որ վերջին տարիներին խոշոր թվով իրանցիներ Հայաստան էին այցելում Երևանում գտնվող ԱՄՆ դեսպանատան ծառայություններից օգտվելու նպատակով:
Այլ խոսքով Հայաստանն անկախ իր կամքից ներքաշվում է հակաիրանական գործընթացների մեջ և սա դեռ սկիզբն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկ ունեցած ելույթից գրեթե պարզ դարձավ, որ երկու կողմերի միջև ռազմական ընդհարման փուլն առայժմ կարելի է ավարտված համարել: Դոնալդ Թրամփը նաև հայտարարեց, որ ավելի է խստացնելու Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
Սա հենց այն ոլորտն է, որտեղ Հայաստանը ներքաշվել է վաղուց: Միայն վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանում գործող միակ իրանական բանկի մասնաճյուղը ներառվել է պատժամիջոցների ցուցակում: Պատժամիջոցների պատճառով դադարեցվել են Թեհրան-Երևան ուղղությամբ իրանական «Մահան» ավիաընկերության թռիչքները: Հայկական բանկերի կողմից ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ստեղծվում իրանցի քաղաքացիների համար ու արդեն իսկ կարելի է գուշակել, որ պատժամիջոցների առավել խստացման դեպքում այդ ոլորտում նոր բարդություններ են առաջանալու:
Իրավիճակն առավել սրվելու է նաև այն պատճառով, որ վերջին օրերի իրադարձությունների ֆոնին Իրանը չեղյալ է հայտարարել միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորություններն ու սահմանափակությունները, իսկ եվրոպական որոշ ազդեցիկ երկրներ ու ՆԱՏՕ-ն պաշտպանել են Իրանի դեմ ուղղված Թրամփի քայլերը, ինչը ենթադրում է նաև ԵՄ-Իրան հարաբերությունների հնարավոր սրացում: