Կեցցեն մեր իշխանությունները։ Եթե մյուս բոլոր պետություններում քաղաքացիներն ունեն ընդամենը իրենց պետությունների սահմանադրություններով սահմանված և Մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով պաշտպանված իրավունքներ և ազատություններ, ապա ՀՀ իշխանություններն, «ի հեճուկս պետական ապարատի» այդ իրավունքների ցանկն անընդհատ ու անշեղորեն ավելացնում են։ Դրանցից ամենապատվաբերն է իշխանությունների առաջին իսկ պահանջով, իսկ առանձին դեպքերում անգամ ակնարկով «ասֆալտին փռվելու և պատերին ծեփվելու» իրավունքն է։ Իսկ վերջերս էլ' նոր տարուն ընդառաջ, այդ իրավուքների շարքն ավելացվեց. քաղաքացիներին և հատկապես իշխանություններին չենթարկվող դատավորներին տրվեց տարբեր առիթներով «վնգստալու» պատվավոր իրավունքը։ Ընդ որում վերջինիս անշեղ կատարումն ապահովելու համար սահմանված է այդ «վնգստոցները» բանի տեղ չդնելու իշխանությունների պարտականությամբ։ Եվ սա դեռ վերջը չէ։ Այդ իրավունքների շրջանակներն օրեցօր ավելանալու միտում ունեն։ Օրինակ, վերջերս իշխանություններն իրենց չենթարկվող պետական պաշտոնյաների մի լայն շրջանակի (ընդհուպ մինչև 7 անձնավորության) տվեցին սահմանված տարիքից շուտ կենսաթոշակի գնալու և «ռադները քաշելու» իրավունք։ Հուսով ենք, որ այդ վերջին իրավունքը շուտով կտարածվի նաև' առաջին փուլում ընդդիմադիր պատգամավորների, իսկ հետագայում' նաև ՀՀ բոլոր անշնորհակալ քաղաքացիների վրա' Հայաստանից «ռադները քաշելու» պարտադիր պայմանով։