Կանաչ գրչի մեթոդը
Կանաչ գրչի մեթոդը հիմնականում կիրառվում է սովորելու և դաստիարակելու ժամանակ։ Այն սովորեցնում է երեխային, կամ աշակերտին կենտրոնանալ ոչ թե անհաջող փորձի, այլ հաջող փորձի վրա։
Ո՞րն է այս մեթոդի օգտակարությունը։ Երբ երեխան տառերն է գրում, մայրը, կամ էլ ուսուցչուհին կարմիր գրիչով չի նշում սխալները։ Փոխարենը կանաչ գրիչով նշում է այն տառերը, որոնք ամենալավն ու հաջողն են ստացվել։ Այսինքն երեխան մեխանիկորեն կենտրոնանում է իր գրած հաջողված տարբերակների վրա։
Ինչո՞վ է առավել այս մեթոդը։ Նախ երբ կարմիրով նշվում է սխալ տառը, մենք կենտրոնանում ենք սխալների վրա, իսկ կենտրոնացված ցանկացած բան մնում է մեր հիշողության մեջ։ Մենք երբեք գեղեցիկ տառեր չենք տեսել այդ կարմիրով նշվածի մեջ, բայց ցավոք, հենց դա է տպավորվում մեզ մոտ։
Իսկ կանաչով նշվելու դեպքում մենք կենտրոնանում ենք ճիշտ արածի վրա։ Մենք ստանում ենք լրիվ այլ էմոցիա, լրիվ այլ ընկալում։ Ուզենք, թե չուզենք, մենք ցանկանում ենք կրկնել այն, ինչն ամենալավն էր։ Սա ուրիշ ներքին մոտիվացիա է, որը սովորեցնում է ոչ թե փախչել սխալվելուց, այլ ձգտել ավելի լավն անել։
Իսկ հիմա ուշադրություն, հնչում է հարցը․ ինչպե՞ս է տետրի մեջ նշված սխալն ազդում է մարդու հետագա կյանքի վրա։
Պատասխանը շատ պարզ է, մենք փոքր հասակից սովորում ենք կենտրոնանալ մեր թերության, վատի, սխալի վրա։ Մեզ ավելի շատ զգուշացրել են սխալի համար, քան խրախուսել լավ արածի։ Սա նաև այն պատճառներից մեկն է, որ այսքան շատ անինքնավստահ ու իր վրա կասկածող մարդիկ կան մեր միջավայրում։
Այսպիսի մի լավ խոսք կա, ինչպես նոր տարին դիմավորում ես, տարին էլ այդպես անցնում է, նույնն էլ այս դեպքում է, ինչի վրա կենտրոնանում ես, կյանքդ այդպես էլ անցնում է։ Հետաքրքիր է, բայց հենց սկզբից, հենց փոքրուց արդեն մենք կենտրոնանում ենք սխալը ճիշտ դարձնելու վրա, այլ ոչ թե լավը' ավելի լավը։
Վահագն Դիլբարյան