105 օր հացադուլի մեջ. Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 եւ ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ եւ Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ:

Ես եւ իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց եւ հանդիպել ենք Վահեին:

Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետեւ Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները' դադարեցնել հացադուլը եւ իր իրավունքները պաշտպանել դատարանում' անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը եւ հաստատ չի դադարեցնելու:
Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ' դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլեւս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլեւս անհապաղ պետք է արվեն:

Ինչի եմ ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:

Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել' դադարեցնելու հացադուլը»: