ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ում համար է գաղտնիք, որ Մարտի 1-ի քրեական գործի և տասը սպանվածների գործի քննության նկատմամբ հայ հասարակությունը չափազանց զգայուն է, հատկապես, երբ ակնարկվում է այդ հանցագործության մեջ գլխավոր մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից այս կամ այն պատրվակով ազատելու մասին:
     Դրա փոխարեն, սակայն, այսօր պարզվեց, որ ոմանց պարզունակ քմահաճույքով անհասկանալի պայմաններում վաստակավոր «հռչակված» անչափահաս «վաստակավորները», ովքեր այդպես էլ չեն գնահատում այդ կոչման հարգը, ըստ արժանվույն չեն ընկալում նաև հասարակության արդարացի պահանջը:
     Ախր ում համար պարզ չէ, որ այդ «վաստակավորներից» շատերի ստեղծած «արվեստը» եղել է անհասկանալի ու «թիթեռի կյանք» է ունեցել: Ու եթե պալատական տիկինները նրանց հովանավորել են և «առաջ բրդել», դա դեռ չի նշանակում, որ նրանք արժանի են եղել «վաստակավորի» կոչմանը:
     Ինչևէ, իրավիճակն անկասկած ողբերգական է, ու թերևս սրանով էլ հենց բացատրվում է հասարակության զգացմունքայնությունն այս հարցում: Բայց նույնիսկ այս պարագայում ինչ-որ «վաստակավորների» ստորագրությունները չի կարող որևէ ազդեցություն ունենալ դատարանի վրա։ Մինչդեռ այդ ստորագրությունների հասցեատերերի նկատմամբ կարող է շատ բացասական հասարակական կարծիք ձևավորել` բոլոր հնարավոր ամենատխուր հետևանքներով:
     Պարզվում է, որ մարդկային բանականությանը դժվար ընկալելի է մարդկանց սառնասրտորեն սպանելու փաստը։ Գուցե կան «վաստակավոր» անձինք, որոնք հակված են կատարվածը մոռանալու, բայց սա հաստատ չի բխում իրականությունից, քանի որ այս քրեական գործը ո՛չ «արվեստի» գործ է, ո՛չ «ռաբիզ» ոճի անճաշակ երաժշտություն է, ո՛չ թուրքական մուղամ է և ո՛չ էլ մեքսիկական խճճված սերիալ։
     Ցավալի է, որ անգամ հեղափոխությունը մեզ չի «ազատագրել» նախկին պալատական միջակություններից ու «ռաբիզ» ոճով ապրող «վաստակավորներից»։
     Հ. Գ. Եվ եթե դուք ինքներդ ձեզ համոզել եք, թե վաստակավոր եք... ու կարող եք ազդել դատական պրոցեսների վրա, ապա ընդամենն ասեմ, որ ձեր «տաղանդը» և «վաստակը» չէր «ձգի» նույնիսկ Տիգրան Կարապետիչի «ադամանդի» կամ «զմրուխտի» կոչմանն արժանանալուն... Մինչդեռ դուք կորցրել եք իրականության զգացողությունը, անմեղսունակի «միամտությամբ» և մոլագարի «նվիրվածությամբ» դուրս եք եկել բռնապետությունից ազատագրված ժողովրդի դեմ... Ողբամ ընդ ձեզ...»: