Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևի, ոչինչ այնքան ճշգրիտ ու այնպես խորհրդանշորեն չի խտացնում ժամանակը, նրա երազանքները, բարքերն ու արժեքները, որքան այդ ժամանակը խորհրդանշորեն անշարժացրած լուսանկարը:

Առաջին լուսանկարում մի հատված է «Ավանգարդ» թերթի 1968 թ. հոկտեմբերի 19-ի համարից. «Երևան -2018» շա՜տ խորհրդանշական վերնագրով. հետաքրքիր ֆուտուրիստական հոդված: Հոդվածի հրապարակումից չորս օր անց հանդիսավորությամբ բացվելու էր «Երևան 2750» շատրվանային համալիրը' այսօրվա Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի արձան տանող հատվածում: Շատրվանային համալիրի գեղեցկությամբ, ավանդականն ու ժամանակակիցը համադրելու բացառիկ ներդաշնակությամբ ու նրբաճաշակությամբ ազդված, հոդվածագիրը ֆուտուրիստական ժանրում պատկերում էր 2018 թ. Երևանը... Իր վառ երևակայության ու երազանքների Երևանը:

Երկրորդ նկարում Երևանի 2750-ամյակի նույն շատրվանային համալիրն է այսօր' 2019 թ. տարեվերջին: Բայց արդեն' վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի երևակայության ու ճաշակի շատրվանային համալիրը' մեր ժամանակները, նրա արժեքներն ու բարքերը խտացնող ձևավորմամբ:

Ամանորի միջոցառումների շրջանակում երկու օրից այստեղ կսկսեն գործել «տաղավարներ» ու «հանգստի գոտի: Քաղցը հնարավոր կլինի հագեցնել տարատեսակ տնական բրդուճներ, իսկ ծարավը' «դնջցնող» թան գնելով: Ու այդ ամենը «կախարդական փայտիկով» Երևանի կենտրոն տեղափոխված առավելագույնս բնական, գողտրիկ գյուղական միջավայրում' ծղոտների գրկում...

Ի վերջո, որքան էլ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին, մի հարցում նրանց հասցեին գնահատանքի ու գովասանքի խոսքեր չասել չեմ կարող. ի վերջո, ո՛չ Նիկոլ Փաշինյանը ու ո՛չ էլ Հայկ Մարությանը իրենք իրենց չեն կեղծում. սա է նրանց ժամանակը, սա է նրանց բարքերը, սա է նրանց արժեքներն ու նրանց երազանքը: Սա է «կարգին» մշակույթի նրանց երևակայությունը: Սա է Փաշինյանի իշխանության մշակութային երկու անխախտ հենասյուները' жвачка и жрачка:

Հ. Գ. Երրորդ նկարում Երևանի լուսահոգի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյան է' 1968թ. հոկտեմբերի 22-ին, շատրվանային համալիրի բացումից մեկ օր առաջ: Երանի՜ ձեզ, որ ձեր, իսկ աչքերով չտեսաք, թե ինչ աստիճանի քոչվորավարի է հնարավոր վարվել ձեր երազանքների հետ: