Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կիբերհանցագործության օրինական նոր տարբերակ է թիրախավորել հայկական լսարանին:

Օրերս ծանոթներից մեկը ոգևորված պատմեց, որ փող աշխատելու լավ միջոց է գտել՝ օրական 2 եվրո առանց որևէ չարչարանքի: Դա, իհարկե, մկան թակարդի նման բան թվաց ինձ, խնդրեցի հասցեն ցույց տալ: Ցույց տվեց: Բացահայտ և շատ պարզունակ միջոց է, որին, ցավոք, խաբվում են շատերը:

Ինքս 1-2 քայլ արեցի, և արդյունքում երբ խաբեբաները հասկացան, որ համակարգչի մյուս կողմում զգոն մարդ է, միանգամից Block արեցին:

Ինքս կիբերանվտանգության մասնագետ չեմ, բայց, հուսով եմ, մասնագետները կփաստեն:

Ձեզ կարող են դիմել այսպիսի խուլիգանական և միաժամանակ գայթակղիչ առաջարկներով՝ պատասխանել մի քանի հարցի, կատարել մի քանի պարզ քայլ, համակարգչի մեջ տեղադրել կոնկրետ հավելված, որը վերցնում է ձեր cookie-ները, չեմ բացառում՝ նաև գաղտնաբառերը: Դրանից հետո իբր ձեր ֆեյսբուքյան պրոֆիլը պետք է օգտագործվի գովազդի տարածման համար և դրա դիմաց ձեզ պետք է իբր փոխանցեն օրական 2 եվրո:

Եթե կատարեք նշված քայլերն՝ առանց հարցեր տալու, կշարունակեն աշխատել ձեզ հետ, իսկ եթե սխալվեք տրամաբանել և հարցեր տալ, շատ արագ կհայտնվեք արգելափակման տակ, քանի որ կդառնաք պոտենցիալ վտանգ իրենց հանցավոր բիզնեսի մեջ: Թե իրականում սա ինչ գործունեություն է և ինչ նպատակ ունի, կարող են բացատրել կիբերանվտանգության մասնագետները»: