ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում և ամբողջ աշխարհում սփռված հայության շրջանում։
Անշուշտ, հոգեկան շատ մեծ բավականություն պատճառեցին Պալատում հնչած ելույթները, զգացմունքային ֆոնը շատ բարձր էր և հերթական անգամ հույս առաջացրեց պատմական արդարության հաստատման ուղղությամբ։
Սակայն այս իրադարձությունը առավել սթափ վերլուծելու արդյունքում կարելի է եզրակացնել, որ ընդունված բանաձևը քիչ առնչություն ունի Հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ - Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։
Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ընդունված բանաձևը կրում է ոչ պարտադիր, այն է, դեկլարատիվ բնույթ, և չի պարտադրում ԱՄՆ գործադիր իշխանությանը այսուհետ կիրառել «ցեղասպանություն» տերմինը, ինչպես նաև այն, որ այդպիսի բանաձև Ներկայացուցիչների պալատը ընդունել էր դեռևս 1984թ., ապա կարելի է եզրակացնել, որ Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից՝ իրենց ազգային շահերին ծառայեցնելու նպատակով։
Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ մեր անմիջական հարևանությամբ ներկայումս տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, մասնավորապես Սիրիայում թուրքական ռազմական ինտերվենցիան, քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության նկատմամբ կատարվող վայրագությունները, և վերջապես ռուս-թուրքական մերձեցումը, որը բազմաթիվ ռիսկերից զատ, կարող է աննախադեպ հնարավորություններ ընձեռել Հայկական երիտասարդ պետականության համար։
ՀՀ դիվանագիտությանն անհրաժեշտ է գործել առավելագույնս զգույշ, չտրվել զգացմունքներին և առաջնորդվել բացառապես Հայկական շահով՝ թույլ չտալով այն դարձնել մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում։
Այսպիսով, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պետք է ողջունել, շնորհակալություն հայտնել, բայց ոչ մի պարագայում այն չընդունել որպես ԱՄՆ հայկական քաղաքականության ընդգծված ուղղություն։
Գնում ենք առաջ . . .