12:44
Հայոց աթոռակռիվը

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:

ՀԱՅՈՑ ԱԹՈՌԱԿՌԻՎԸ

 

Երուսաղեմը դարձավ հայերի համար նույնը, ինչ էր Մեքքան ու Մեդինան մահմեդականների համար։ Հայոց ուխտավորները, որպես նշան ուխտագնացության, դրոշմում էին իրանց ձեռքերը, բազուկները վանքի կնիքով, որի կապտագույն տպավորությունը մնում էր անջնջելի:

Նրանք ստանում էին մի նոր, սրբազան մականուն, կոչվում էին մուղդուսի (սուրբ, մաքրված), վանքի պատրիարքից ստանում էին օրհնության կոնդակներ, որոնց մեջ նշանակված էր լինում, թե որքան փող ընծայեց վանքին յուրաքանչյուր մուղդուսին իր հոգու փրկության համար:

Իսկ թե որքա՜ն ահագին գումարներ էին դուրս քաշում հայոց ազգի քսակից այդ օրհնության կոնդակները, բավական է հիշել միայն այն հանգամանքը, որ ուխտավորների թիվը յուրաքանչյուր տարի հասնում է հազարների: Այլեւս չեմ խոսում այն ծախքերի վրա, որ ամեն մի ուխտավոր պիտի աներ հեռավոր Երուսաղեմ հասնելու համար։

Ես թողնում եմ Երուսաղեմի վանքի կրոնական նշանակությունը, նայում եմ այդ վանքի ու հիշյալ ուխտագնացությունների վրա բուն տնտեսական կետից: Թեեւ դարերի ընթացքում հայոց բարեպաշտ ժողովուրդը իր հարստությունը թափել է Երուսաղեմի վանքում, այդ վանքը դարձյալ իրան միշտ աղքատ է ձեւացրել եւ միշտ դիմել է ազգի օգնությանը իր պարտքերը վճարելու համար: Ով ուշի ուշով ուսումնասիրել է Երուսաղեմի պատմությունը, կգտնի այդ մասին շատ փաստեր։ Բայց զարմանալին այն է, որ միեւնույն ժամանակ այնտեղ թաքցրած են եղել ահագին գանձեր:

Երուսաղեմի Աստվածատուր պատրիարքի օրերում, հույն կղերը կաշառելով Մուհամմեդ փաշա անունով վեզիրին, խլեցին հայ աբեղաների ձեռքից Երուսաղեմի ուխտատեղիները, որոնց թվում եւ Սուրբ Հակոբա վանքը: Այդ միջոցին հիշյալ Աստվածատուր պատրիարքը ստիպվեցավ գնալ Կ. Պոլիս, դիմել ազգի օգնությանը, որ դրամով եւ գործով օժանդակեն իրան, որպեսզի ինքը եւս հույների նման կաշառքներ տալով կարողանա հետ խլել նրանց ձեռքից հայոց սրբավայրերը:

Նա դեգերում էր հայոց իշխանների, հարուստների ու եկեղեցիների դռներում եւ հանգանակություն էր հավաքում: Այդ միջոցին այնթափցի Եղիազար վարդապետին Կ. Պոլսից ուղարկեց Երուսաղեմ որպես իր փոխանորդ, մինչեւ ինքը մայրաքաղաքում կկարգադրեր գործերը: Եղիազարը գալով Երուսաղեմ, վանքը գտնում է սաստիկ աղքատության մեջ եւ դրամի կարոտ: Ճարպիկ Եղիազարը քրքրում է պատրիարքի թղթերը, նույն պատրիարքի, որ Կ. Պոլսում ազգից օժանդակություն էր խնդրում, եւ գտնում է մի տումարի մեջ գրված. «Սպիտակ մոմ՝ այսքան, դեղին մոմ՝ այսքան»:

 

Տեղյակ լինելով վանականների սովորական խորամանկություններին, նա իսկույն հասկանում է այդ հաշվի գաղտնիքը եւ սկսում է որոնել «մոմերը»: Ի՞նչ է դուրս գալիս: Պատրիարքի կացարանի մեջ գտնում է երկու պղնձե թակույկներ (փոքրիկ կարաս). մեկի մեջ դեղին մոմի փոխարեն լցված էր դեղին ոսկի, իսկ մյուսի մեջ՝ սպիտակ արծաթ, բոլորը երկու հարյուր հազար դահեկանի արժեք ունեցող։

Երուսաղեմի ու Կ. Պոլսո պատրիարքությունների, Երուսաղեմի ու մյուս կաթողիկոսարանների միջեւ վեճերն ու կռիվները դարերով տակնուվրա են արել ազգը, պատճառել նրան ահագին բարոյական ու նյութական վնասներ եւ զբաղեցրել ժողովրդին անհաշտ երկպառակություններով: Պատրիարքները, կաթողիկոսները իրանց փառասիրությունն ու ընչաքաղցությունը հագեցնելու համար հափշտակում էին միմյանցից աթոռներ, կռվում էին միմյանց հետ, իսկ ժողովուրդը մաշվում էր:

Քյոփրուլու Մուհամեդ կոչված մեծ վեզիրի օրերում Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրության համար մեծ խռովություն կար ժողովրդի մեջ: Բերիացի փառասեր Թոմաս վարդապետը աշխատում էր պատրիարք լինել, ժողովուրդը չէր ընդունում: Նրա հակառակորդները դիմեցին մեծ վեզիրին, խոստացան վճարել յուրաքանչյուր տարի 140.000 ստակ, միայն թե Թոմասը պատրիարք չլինի, այլ թույլ տրվի ընտրել իրանց ցանկացած անձին: Այդ երբ տեսավ Թոմասը, ինքը նույնպես դիմեց մեծ վեզիրի մոտ, խոստացավ վճարել յուրաքանչյուր տարի 400.000 ստակ, որ Բ. Դուռը իրան հաստատի Կ. Պոլսի պատրիարք, այն նոր իրավասությամբ, որ Երուսաղեմի պատրիարքը եւս ենթարկվի իր իշխանությանը: Թոմասը իր կաշառքով գրաված աթոռը պահպանելու համար շրջապատեց իր պատրիարքարանը մի խումբ թուրք զինվորներով, որոնց թոշակը ինքն էր տալիս, ամեն օր 20 քսակ արծաթ:

Նախանձով լցվեց նաեւ մեզ արդեն հայտնի Երուսաղեմի Աստվածատուր պատրիարքը, երբ իմացավ, որ Թոմասն իր վրա գերիշխանություն ստացավ: Նա միաբանեցավ Թոմասի հակառակորդների հետ եւ երբ տեսան, որ կաշառքները չեն օգնում, քանզի որքան տալիս էին՝ Թոմասը կրկնապատիկ ավելի էր տալիս, պատրիարքին անբաստանեցին որպես քաղաքական հանցավոր, իբր թե ֆրանկների հետ գաղտնի հարաբերություններ ունի եւ օսմանյան տերության դեմ որոգայթներ է լարում: Կեղծ մատնությունը հասցրեց նրանց ցանկացած նպատակին: Կառավարությունը Թոմասին կալանավորեց եւ դրեց մահապարտների բանտը:

Այդ միջոցին պատրիարքի կուսակիցները հուսահատ կերպով թուրքաց պաշտոնյաների դռներում դեգերում էին, ահագին գումարներ էին ծախսում, որ մի կերպ ազատեն նրան: Բայց Թոմասի հակառակորդներն ավելի ճարպիկ գտնվեցան: Նրանք կաշառեցին մեծ վեզիրի փոխանորդին եւ նրա գիտությամբ, բանտի պահապանների ձեռքով , սուրճի մեջ թույն խառնելով սպանեցին Թոմասին: Պատրիարքի մարմինը մի քանի օր մնաց անթաղ, բանտի դռան հրապարակի վրա ընկած, հետո ձգեցին ծովը: Դրանով խռովությունը չվերջացավ:

Երկար ժամանակ Թոմասի կուսակիցների ու հակառակորդների մեջեւ կռիվը շարունակվում էր: Դա շահավետ էր թուրք պաշտոնյաներին, որովհետեւ ամեն անգամ ահագին տուգանքներ ու կաշառքներ էին ստանում հայերից։

Իսկ վերեւ հիշած այնթափցի Եղիազարը, ով գտել էր Թոմասին սպանել տված Աստվածատուր պատրիարքի Երուսաղեմի վանքում թաքցրած գանձերը, այս գումարը ծախսեց նույն Աստվածատուր պատրիարքին աթոռից հեռացնելու եւ ինքը նրա տեղ Երուսաղեմի պատրիարք դարձավ: Դրանով չբավականացավ Եղիազարը: Նա ահագին կաշառքներ տալով սուլթանի մեծ վեզիրին, կաթողիկոս ընտրվեցավ, նստեց Երուսաղեմում, հակառակ Սսի ու Էջմիածնի կաթողիկոսների:

Երուսաղեմում Գրիգոր պատրիարքի օրոք անկարգությունը իր վերին ծայրին էր հասել. վանքի արծաթեղենները, սրբազան անոթները, խաչերը, սրբոց մասունքները, բոլորը վաճառվում էին անբարոյական, շռայլ միաբանության ծախքերը լցուցանելու համար: Երբ ամեն ինչ սպառվեցավ, սկսեցին ահագին տոկոսներով պարտքեր անել եւ Երուսաղեմի նվիրական տեղերը, մինչեւ անգամ Սուրբ Հակոբա վանքը, մահմեդականների մոտ գրավ դնել։

Մեր ազգայինները տարիներով զբաղված են եղել եւ այժմ էլ զբաղվում են Երուսաղեմի վանքով: Բայց ի՞նչ տվեց այդ վանքը մեզ:

ՐԱՖՖԻ (Հակոբ Մելիք-Հակոբյան), 1881 թ.


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս