Սիրիայի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը և թուրքական զորքերի ներխուժումը լրջորեն մտահոգում է Հայաստանին, քանի որ այդ երկրի հյուսիսում հայ համայնքի գոյության համար վտանգներ են ի հայտ գալիս, քանի որ հայերը ռազմական գործողությունների ընթացքում կարող են թիրախավորվել։
Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները, սակայն դա բավարար չէ, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում բնակվող հայերին տարհանելու կամ անվտանգության երաշխիքներ ձեռք բերելու ուղղությամբ։ Հեռու չէ այն օրը, երբ Սիրիայում կարող է մարդասիրական նոր ճգնաժամ հասունանալ, իսկ Սիրիայի հայերին օգնություն տրամադրելու հարցում Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի աջակցություն ստանա միջազգային կառույցներից։
Տեղին կլինի, որ Հայաստանը պատրաստ լինի Սիրիայում զարգացումների բոլոր հնարավոր տարբերակներին, իսկ դրա համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը, տեսնելով՝ միջազգային հանրության «գլուխը խառն է» Սիրիայում ընթացող պրոցեսների շուրջ, փորձի օգտվել ստեղծված իրավիճակից Արցախի սահմանին լարվածության նոր ալիք սկսելու համար։