Հաղորդավար Ժակը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հանրային հեռուստաընկերության ղեկավարը անմարդկային ջանքեր են գործադրում՝ հեռուստադիտողի համար կատարելությանը մոտ , թարմ , ակնհայտ երիտասարդ ու հետաքրքիր կերպարներ գտնելու ուղղությամբ, որոնք, միաժամանակ, ոչ մի վայրկյան չեն մոռանա իրենց վեհ առաքելության մասին և կարժանանան եթերում հայտնվելու բացառիկ իրավունքին:

Այսօր արդեն մենք պարզորոշ նկատում ենք այդ «բարեփոխումները»:

Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլևս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին և, առհասարակ, որևէ այլ հաղորդման տարբերակ ևս մոտ ապագայում չի կարող դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը և առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով:

Այդ առաջարկը առնվազն անհեռանկարային եմ համարում. արդեն ո՛չ այս պայմաններում, ո՛չ այս ամենից հետո, և՝ ո՛չ Ձեզ հետ, տկն.Գրիգորյան:

Շնորհակալ եմ ամեն բանի համար, որ եղել է: Նոր ընկերներ գտա, հներին հաճախ տեսնելու առիթ ունեցա: Խոստմանս համաձայն՝ հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի:

Դու՛ք, տիկին Գրիգորյան, առանց այդ էլ, որքան գիտեմ, խնդիրներ շատ ունեք, որոնք փորձում եք հերոսաբար հաղթահարել:
Հոգնել եմ անհասկանալի պահանջներից, հարաբերություններ փչացնող ինտրիգներից և ճնշող մաղձից :
Հանրայինից դուրս կյանք կար ու կա՛:

Ամենայն հարգանքով, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր «հեղինակավոր» կարծիքի հետ և, ի գիտություն Ձեզ(բոլորիդ), հայտարարել, որ շարունակելու եմ զբաղվել սիրելի՛ աշխատանքով, որին նվիրել եմ կյանքիս մեծ մասը:

Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրակա՛ն և կոնկրետ փոփոխություններ:

Շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտել և գոտեպնդում են ինձ ջերմ վերաբերմունքով ու խոսքերով:

Մնաք բարով, ընկերնե՜ր:

Մինչ նոր հանդիպում եթերում»: