Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահմանադրական դատարանի որոշումը լսելիս ուրախացանք։

Բայց գիտե՞ք զավեշտը ինչում է.

Մենք ուրախանում ենք դատարանի անաչառության վրա, ավելին, մենք ուրախանում ենք, որ Արցախի Հերոս, Հայաստանի Հանրապետության 2րդ Նախագահը պետք է ազատ արձակվի։

Մեզ հասցրել են մի իրավիճակի, ուր ստիպված ես ուրախանալ ի սկզբանե աբսուրդի ծայրաստիճան կետին հասած իրողությունների վրա։ Այսինքն ի՞նչ է ստացվում. Դատարանը պետք է հակասահմանադրական որոշում կայացներ, թե՞ Արցախի հերոսը պետք է կալանավորված մնար։

Հավատացեք, շատ եմ ուզում ուրախանալ, բայց չի ստացվում։ Ավելի շատ տխրում եմ, որ ականատեսն եմ այս ամեն ինչի։ Մարդիկ իրենց կյանքի գնով, իրենց նվիրումով և բազմաթիվ զոհաբերությունների գնով մեզ են պարգևել հարյուրամյակների մեջ առաջին ոչ բարոյական, այլ իրական հաղթանակը, իսկ մենք ուրախանում ենք, որ դատարանը կայացրեց արդար որոշում և այդ մարդը կհայտնվի ազատության մեջ։ Դատարանը ազատում է մեր հայրենիքը ազատագրողներից մեկին։ Հիանալի է, խոսքեր չկան։

Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի ներողություն եմ խնդրում Նախագահ Քոչարյանից, անազատության մեջ անցկացված յուրաքանչյուր օրվա համար և հույս հայտնում, որ նման աբսուրդ ուրախանալու առիթներ այլևս չենք ունենա»։