ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում խոսել է ժողովրդավարության մասին՝ այն վերնագրելով այսպես․ «Ժողովրդավարությունից զատ»։

Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:
Մի՞թե ոչ մի նոր' այլ բան այլևս հնարավոր չէ մտածել, հիմնավորել և առաջարկել աշխարհին:
Ինչքա՞ն կարելի է այդ «ժողովրդավարություն» ասածը ծռմռել, թեքել, ճկել, ճյուղավորել, կցմցել ու պատվաստել:
Մի՞թե պարզ չէ, որ 21-րդ դարում, աշխարհի տեխնոլոգիական զարգացման այս խելահեղ արագացման պայմաններում, քիչ թե շատ իրական ( համենայն դեպս' նախկինում աշխարհում ընկալված ) ժողովրդավարությունը այլևս մնացել է խորը անցյալում:
Մի՞թե պարզ չէ, որ' ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող «հանրային կարծիք» ասածը շատ վաղուց, այլևս' զուտ տեղեկատվական ձեռնածությունների ( մանիպուլյացիաների ) արդյունք է' ճշմարտությունից և իրականությունից շեղված ու կտրված, հանրությանը «ալտերնատիվ» իրականություն «փոխադրելու», և այնտեղ պահելու արդյունավետ եղանակ, դրանից բխող հետևանքներով:
Մի՞թե պարզ չէ, որ' մի քանի տասնյակ, կամ' հարյուրավոր միլլիոնների հասնող բնակչություն ունեցող երկրներում ( ավելի փոքրերի մասին նույնիսկ հիշատակելն ավելորդ է ) իրական ժողովրդավարության պայմաններում, անհնարին կլիներ «զտարյուն» ամբոխավարների և նույնիսկ' մասնագիտությամբ ծաղրածուների առաջադրումն ու ընտրությունը:

Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունների գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներգրավումը հասարակություններին անվերադարձ հեռացրել է իրական ժողովրդավարության ընձեռած կարևորագույն և որոշիչ հնարավորությունից' արդար ընտրություններով առաջնորդներ ընտրելու իրավունքից:
Հարյուր տարուց ավելի է' սոցիալ-դեմոկրատիա, բայց իրականում' դիկտատուրա և ֆաշիզմ, դեմոկրատական ցենտրալիզմ, բայց իրականում' միակուսակցական տոտալիտար դիկտատուրա, լիբերալ-դեմոկրատիա, բայց իրականում' այլասերվածություն և քաոս, և այլն, և այլն:

Ամբողջ մարդկությունը կարծես «ժողովրդավարություն» կոչվող օղակի մեջ գտնվող սկյուռիկի վիճակում է հայտնվել:

Քաղաքագետներ ջան, մի նոր բան մտածեք...
Դիմեք մարդաբաններին, հոգեբաններին, ֆիզիկոսներին, աստղաբաններին, ի՜նչ ուզում եք արեք, բայց մի նոր բան մտածեք:
Հասարակագիտական բոլոր գիտությունները, մասնավորապես' Իրավագիտությունը, Պատմագիտությունը, ինչ որ մասով, նույնիսկ Տնտեսագիտությունը' այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն են ընկել»:
Մի բան արեք...

Մի շատ ընդհանրական դիտարկում, զուտ մասնագիտական տեսանկյունից.
համեմատաբար կայուն դրական տնտեսական ցուցանիշներ և ազգային արժեքների պահպանում կարծես ապահովում են միապետ ունեցող երկրները, բայց' իսկական, ազնվական միապետ ունեցողները, ոչ թե' բռնապետ-միապետ, կամ' դրա պես մի բան: Բռնապետներն էլ են երբեմն կարճատև հաջողություններ գրանցել, եթե եղել են խելացի, ազգապաշտ ու հայրենասեր, չնայած' պատերազմները' մեծամասամբ, ի վերջո տանուլ են տվել:
Անարխայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ կարծես չկա:

Մի բան մտածեք, հարգելի քաղաքագետներ, թե չէ' նորից պիտի դիմենք փիլիսոփաներին, իսկ դա լավ տեղ չի տանի' «թաղելու են» ռացիոնալի և իռացիոնալի, մատերիայի ու իդեայի, և մնացած իրար հակասող տեսությունների մեջ: