ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահի հերթական շնորհավորական ուղերձը հայ-ռուսական հարաբերությունների մասին կրկին մեծ-մեծ, հեռուն գնացող դատողությունների պատճառ է դարձել։
Խնդրանք՝ մի քիչ հասունացեք․․․
Հայ-ռուսական հարաբերությունները, փառք Աստծո, այդքան պարզունակ չեն և չեն կարող կախված լինել մեկ մարդու ծննդյան առթիվ արված շնորհավորանքից, այսուհետ որևէ իշխանությունից և իշխանավորից, ընդդիմությունից և առանձին ընդդիմադիր գործչից, և առհասարակ հատվածականությունից։
Սառեք․․․
Հեղափոխությունից և դրան հաջորդած հայտնի իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ռեժիմում։
Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները այսպես թե այնպես կարևոր հարց էին դառնալու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, որը կարիք ունի պարզաբանման՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները, նրա քաղաքական ակտիվության հայտը և նրա դիրքավորումն ու գնահատականները Հայաստանի նոր իշխանության հանդեպ:
Երևանին պետք է մեկուկես տարվա մեջ պարզել մի բան՝ թե ինչի՞ հետ գործ ունի՝ որևէ զգուշացմա՞ն, դեմարշի՞, թե՞ պարզապես Ռուսաստանն էլ արդեն յուրովի է պատկերացնում հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը, և ըստ այդմ՝ այն այլևս չի կառուցելու միայն իշխանական հարթությունում, այլ կփորձի այդ գործընթացը կապել տարբեր թելերով և ըստ այդմ՝ ոչ թե նոր իրավիճակ ձևավորելու կամ վերաձևավորելու, այլ արդեն առկա նոր իրավիճակում պարզապես հավելյալ երաշխիքներ ապահովելու համար:
Խորապես համոզված եմ՝ գործ ունենք վերջին տարբերակի հետ։
Հ․Գ․ Իշխանությանը խորհուրդ կտամ կենտրոնանալ Ռոբերտ Քոչարյանի «ծննդյան տարեդարձի առթիվ» Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ին պատրաստած «շնորհավորանքի» և դրան հաջորդող իրադարձությունների վրա»: