ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Խորհրդարանական դիվանագիտություն կա՞, թե՞ չկա

ՀՀ նոր իշխանությունը իր վարչապետով, ԱԺ նախագահով եւ պաշտոնատար այլ անձանցով շատ գերազանց յուրացրել է տեղում դոփելու ռիթմը՝ հիշո՞ւմ եք, երբ քայլով մարշից հետո ասվում էր․ «Տեղում քայլով-մարշ,մեկ-երկու, մեկ-երկու»։ Այ հենց այդ տեղում են քայլում նորերը եւ արդեն կրկնվում են, մեկուկես տարի դոփելով կրկնվում են։ Խորհրդարանական դիվանագիտության հերն անիծելով ո՞ւր եք հասնելու, եթե Ռուբեն Ռուբինյանը քվերակության կոճակների հետ խաղալուց զատ ինչ-որ մերձեցման անհաջող փորձ արեց եւ չխրատվեց, ապա ԱԺ այսօրվա նախագահը նույնպես, նա իր ամերիկյան-նաեւ՝ անձնական վուայաժների տպավորության տակ այսօր ԱԺ նիստերի դահլիճում էլի ժողովրդավարությունից խոսեց, փառք Աստծո, Հալեպը, ներեցեք՝ Բաստիոնը չասաց, երեւի հուշել են, որ այլեւս չասի։ Դիվանագիտական լրջագույն ճանապարհ անցած պրոֆեսիոնալներին, որ հավաքվել էին ԱԺ-ի նիստերի դահլիճում, միայն մեկ բան էր ասում՝ տղերք, գնացեք-ասեք մենք ժողովրդավար ենք, մենք թավշյա ենք եւ մենք հեղափոխություն ենք արել։ Հեյ, աշխարհ, աշխարհ, ինչի՞ ես կլոր, վստահ եմ, տեղում նստած հոգոց են հանել մի խումբ պրոֆեսիոնալներ։ Տեար Միրզոյան, ասում եք պիտի վերանայվեն, վերաիմաստավորվեն եւ արդյունքում վերահաստատվեն կամ անհրաժեշտության դեպքում էականորեն փոփոխվեն պետական ոլորտային քաղաքականությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունը։ Հատուկ ասացեք, թե ի՞նչն եք փոխելու եւ ո՞ր ոլորտները, նորությունը որն է լինելու՝ գործուղումների մի նոր թռիչքո՞ւղի եք բացելու, Ռուսաստանի հետ այդպես էլ ձեր տապալած «մերձեցման երեկոնե՞րն» եք վերաիմաստավորելու, ՀԱՊԿ-ի հետ էս շիլաշփո՞թն եք ավելի խճճելու, ԵՄ-Հայաստան համաձայնագրի անորոշ, ստոպ վիճակն եք թմբկահարելու։ Կրկնում եք մեծն Նիկոլի նույն սխալը, «թավիշը» մարդկանց աչքը մտցնելուց հետո, վերջում ասում եք․ «Չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ»։ Դե, եթե այդքան դուխով տղերք եք, դրեք ու փոխեք, իսկ եթե հասկանում եք, որ մինչ այժմ արտաքին քաղաքականությունը եղել է հավասարակշռված եւ ճիշտ, ուրեմն, բարի գտնվեք ասեք այդ մասին, մի շփոթեցրեք դեսպաններին։ Դուք ձեր ճառերը կարդում, գնում ենք կառավարական ամառանոցում տժժալու, բայց այս մարդիկ ամեն օր, ամեն ժամ աշխատում են առաջին գծում եւ իրենք պիտի դուրս գան ձեր ցանկացած կիսատ, սխալ, անողնաշար, վերամբարձ խոսքի տակից, նրանք են շփվում դրսի հետ եւ մեղվի ջանասիրությամբ հյուսում ՀՀ արտաքին քաղաքականության գորգը։ Ասում եք «փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը»: Իսկ գուցե բավարար բարի գտնվելով, նաեւ այդ «փոփոխված ոճից» խոսեք, ի՞նչը պիտի դեսպանները փոխեն, արդյո՞ք նկատի ունեք, որ դրսում, այլ երկրների իրենց գործընկերների հետ լրջագույն, կաարեւոր հարցերի շուրջ խոսելիս դըմբ-դըմբ եւ հու-հա պիտի անեն, հետներն էլ մի-մի թմբուկ տանեն, որ ավելի տպավորիչ լինի։ Դե, ապրեք։ Հեռուստացույց գնեք, հեռուստացույց․․

Վերջում, ի գիտություն, եթե դուք մինչ իշխանություն դառնալը այլ բաներով էիք զբաղված, գրանտ էիք կպցնում, կամ տարբեր հիմնադրամների հրավերներով դրսերում «կրթվում» էիք, ընդհատակում երկիրը քանդելու ծրագիր էիք «թրեյնինգվում», Հայաստանը ներկայանում էր որպես ինքնաիշխան, սեփական շահերը գիտակցող եւ համարձակորեն պաշտպանող, միեւնույն ժամանակ գործընկերային եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եվ դա ամենեւին էլ ձեր հետ կապ չունի։ Ձեր խնդիրն է, որ դուք իշխանությունը վերցնելուց մեկուկես տարի անց էլ ծույլ աշակերտի պես չսովորեցիք խորհրդարանական դիվանագիտության այբն ու բենը․․․»: