Ցանկալի կլիներ, որ Հայաստանում ընդհանրապես հանք չլիներ, որովհետեւ ցանկացած հանք բնապահպանական ռիսկ է, հատկապես, որ Հայաստանի ներկայիս գործող գրեթե բոլոր հանքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց ի՞նչ ունենք այսօր, արդյոք մեր երկիրն ի զորու է գոյատեւել առանց հանքարդյունաբերության: Գոյատեւել գուցե մի կերպ կարող է, իսկ տնտեսությունը պահել, առավել եւս՝ զարգացնել, ինչպես հարկն է՝ երկիրը ՊԱՇՏՊԱՆԵԼ՝ հաստատ ոչ, ի դժբախտություն մեզ բոլորիս՝ ՈՉ։
Հետեւաբար ի՞նչ կարող ենք անել, եթե ոչ առայժմ հանդուրժել հանքարդյունաբերությունը՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով այն շրջակա միջավայրի համար հնարավորինս անվնաս դարձնելու ուղղությամբ։
«Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործումը կայացած իրողություն է։ Լիդիանը մեր երկրի օրենքներով սահմանած կարգով դեռեւս տարիներ առաջ ստացել է Ամուլսարը որպես ոսկու հանք շահագործելու իրավունքը։ Այդ իրավունքի օրինականությունը ստուգելու նպատակով Վարչապետի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական գործ, որի ամիսներ շարունակ կատարված քննության արդյունքներով պարզվել է (կազմվել եւ ուսումնասիրվել է շուրջ 33000 փաստաթուղթ), որ հանքի շահագործման հետեւանքով առկա բնապահպանական մտահոգությունները գործող նորմերի եւ ստանդարտների սահմաններում են, եւ բացակայում են քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը։
Այսինքն, հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմք այս պահի դրությամբ չկա։ Անչափ բարձր եմ գնահատում բնապահպանների դերը, ակտիվ անդամներից շատերին ճանաչում եմ անձամբ: Ինձ ուրախացնում է շատերի իրական հայրենանվիրությունը։ Լիովին հասկանալի են բնապահպանների մտահոգությունները, սակայն, համաձայնեք, որ երկրում ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում որոշում կայացնելու համար բնապահպանական բաղադրիչը միակը չէ, առկա են նաեւ սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ, ի վերջո, երկրի պաշտպանվածության, ազգային անվտանգության բաղադրիչները։
Եվ բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ գնահատելուց հետո միայն պետք է կայացվի ցանկացած որոշում։ Բոլոր բաղադրիչներն էլ կարեւոր են եւ ծանրակշիռ, սակայն ես կանդրադառնամ միայն մեկին՝ երկրի պաշտպանվածությանը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արդյո՞ք մենք լավ ենք պատկերացնում հանքի շահահործումը արգելելու պարագայում միջազգային արբիտրաժային ատյաններում Լիդիան ընկերությանը վնասի փոխհատուցման հայցի բավարարման դեպքում իրական հետեւանքները (ինչի հավանականությունը ավելի քան մեծ է)։ Խոսքը գնում է առնվազն մեկ միլիարդ դոլարի մասին (որոշ հաշվարկներով՝ անգամ երկու միլիարդ)։ Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար եւ ինչի՞ հաշվին։ Եվ թող մեկը չասի, որ դա ուղղակիորեն չի անդրադառնալու եւ չի թուլացնելու ռազմական-պաշտպանական ոլորտը։ Ասեմ ավելին. եթե այս պահին մենք մեր ռազմական ծախսերը կարողանայինք ավելացնել եւս մեկ միլիարդով, ապա մեր սահմանի ուղղությամբ սովորական ինքնաձիգով անգամ օդ կրակելուց առաջ մեր թշնամիները երկար կմտածեին՝ արժե դա անել, թե ոչ: Բայց եկեք չմոռանանք, որ թշնամին ներկայումս այդպես չի մտածում, եկեք չմոռանանք, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության գերակա խնդիրը մեր հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն է»: