ՀՀԿ խոսնակ, Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախօրեին ժողովրդին սուտ խոստումներ շռայլած, կախարդական փայտիկը կորցրած և սեփական ստերի թակարդում հայտնված Փաշինյանը, իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում հոդվածներ պատվիրելով կամ նույնիսկ գրելով, հերթական անգամ իր ձախողումները փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա:
Հոդվածագիրը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, օրակարգային համարում է ոչ թե Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը, Ամուլսարի խնդիրը, տրանսգենդերության քարոզն ու Արցախյան հարցում մտահոգիչ զարգացումները, այլ հերթական լացակումած ու ֆալշ երգն է երգում թալանի մասին:
Նիկոլ, չի ստացվելու եւ ասեմ՝ ինչու: Նույնիսկ ՀՔԾ-ն՝ քո «ընկեր ջանով», պաշտոնապես հայտարարում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի մասին քո ստերը ուղղակի փուչիկ էին եւ են: Դու ստել ես եւ շարունակում ես ստել, թեեւ իշխանության գալով՝ փորձում էիր համոզել, թե նախկինում ասածդ չի բռնում ներկայում ասածիդ, որովհետեւ իրավիճակ է փոխվել, բայց փաստորեն, քեզ մոտ իրավիճակի փոփոխությունն անընդհատական է, քանի որ ստերդ այդպես էլ չեն սպառվում:
Ի տարբերություն հոդվածագիր Փաշինյանի՝ ես գտնում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մեր գլխավոր սպառնալիքներից մեկն է եւ Փաշինյանի աճպարարությունը, թե նախկիններն են ստորագրել, չի անցնելու: Ստորագրելը վավերացում չէ եւ պարտավորություն չէ, մոնիտորինգի տակ մտնել չէ: Նախկինները վավերացման պարտավորություն չեն ստանձնել: Եւ եթե «ժողովրդի վարչապետը» գնաց վավերացման ճանապարհով, ողջ պատասխանատվությունը նրա ուսերին է լինելու:
Նիկոլ, հերիք է քո սխալները բարդես ուրիշների վրա եւ արդարացնես ապազգային գործողություններդ:
Եւ վերջապես, Ամուլսարի հարցից. Նիկոլ Փաշինյանն է մեղադրել նախկին իշխանություններին Ամուլսարում «կոռուպցիոն սխեմաների» համար: Մինչդեռ այսօր, ոչ ավել, ոչ պակաս ինքն է ասում, թե Ամուլսարը պետք է աշխատի: Ավելին, այս ընթացքում պետությունը հսկայական ֆինանսական կորուստներ է ունեցել: Հիմա ի՞նչ է եկել արդարանում:
Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ: Ինքդ ես փաստում, որ Ամուլսարի շահագործման դադարեցումը անօրինական էր: Քո պատճառով պետությունը «Լիդիանին» 1 տարվա պարապուրդի համար պետք է հսկայական տուգանքներ վճարի:
Ավելին, պետական միջոցներից հավելյալ 400 000 դոլար էլ տվել ես փորձաքննության համար, որը պետք է փաստեր այն, ինչ արդեն փաստվել էին հեղինակավոր կազմակերպությունները:
Բա պետական միջոցների մսխումից ու վատնումից էիր ժամանակին խոսում, բա տատիկ-պապիկների «նւսյաների» համար ԱԺ ամբիոնից լացակումած ճառեր էիր ասում, թե՞ նորից իրավիճակ է փոխվել:
Եւ վերջապես, Արցախի հարցում Նիկոլ, դու սուս: Շարունակիր Ալիեւին «կիրթ եւ նորմալ» համարել: Ալիեւին, ով 30 տարի երազել է այն, ինչ դու այսօր անում ես:
Հ.Գ. Հին Հռոմում սենատոր Կատոն Ավագը իր ելույթներն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» խոսքերով: Մեր պետականության համար «կարթագենիզմ-նիկոիզմը» պետք է կործանվի: Դու պետք է հեռանաս եւ որքան շուտ, այդքան լավ պետության համար»: