Հեղափոխությունն արագություն է սիրում։ Տեմպ։ «Թավշյա» հեղափոխությունը բացառություն չէ։

Եթե մինչև իշխանության գալը քայլարած տղաներին ու աղջիկներին և հատկապես հեղափոխության առաջնորդին ձեռնտու էր արդյունքի, այն է՝ իշխանություն վերցնելու բարձր տեմպն ու արագությունը, ապա հիմա ճիշտ հակառակ հոգեվիճակում են նրանք։ Ուզում են անշտապ վայելել իրենց բաժին հասած աթոռները։ Այսինքն՝ ուզում են սովորական ու հակահեղափոխական իշխանություն դառնալ, բայց չեն կարողանում, քանզի դա հնարավոր չէ պոպուլիստական հեղափոխությամբ վերև բարձրացած պլեբեյների պարագայում։ Ամբոխը թույլ չի տա։

Հպարտ քաղաքացիները նույն արագությամբ սոցիալ–տնտեսական կյանքի կտրուկ ու դրական փոփոխություն են ուզում, ինչ արագությամբ որ անփորձ ու անգրագետ մարդկանց բերեցին իշխանության։ Բայց դրական արդյունք, այն էլ՝ անգրագետներով ու անփորձներով, հնարավոր չէ ակնկալել (ի դեպ, սրանք զուգահեռաբար թաղվել են կոռուպցիայի մեջ ու կապիտալի նախնական կուտակում են ապահովում այն ախորժակով, ինչ ախորժակով որ հեղափոխության առաջնորդն է աչքի ընկնում մարզային այցերի ժամանակ)։

Արդյունքում՝ առաջանում է խզում հանրային սպասումների և իշխանության կարողությունների միջև։ Այդ խզումը փորձ է արվում լցնել էժանագին սերիալներ բեմադրելով և վիճակագրական թվերով կերակրելով։

Վիճակագրության առումով Հայաստանում աննախադեպ, ես կասեի՝ հեղափոխական վիճակ է։ Սկսել են կեղծել ու խմբագրել վիճակագրական ցուցանիշները, ինչպես նաև «օդից վերցրած» թվեր «կրակել»։

Երեկ, օրինակ, հայտարարվեց, որ այս տարվա առաջին 6 ամսվա գործազրկության ցուցանիշները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարելավվել են 6,4 տոկոսով։ Մինչդեռ որևէ պաշտոնական հրապարակում չկա այդ մասին։ Որտեղի՞ց վարչապետին նման թիվ։

Պաշտոնապես միայն այս տարվա 1–ին եռամսյակն է ամփոփվել ու համեմատվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Չկարողանալով առարկայական արդյունքներ ապահովել տնտեսության մեջ՝ իշխանությունները «տնտեսական հեղափոխություն» են անում վիճակագրության դաշտում։ Դա ներհատուկ է հեղափոխության առաջին ալիքի բոլոր սուբյեկտներին, բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ։ Դա է պատճառը, որ առաջին ալիքի հեղափոխականները շատ արագ ստանում են դատարկախոսի պիտակն ու դուրս մղվում քաղաքական ասպարեզից։

Քանի որ ամբոխի տրամադրություններն արագ փոխվելու հատկություն ունեն, ապա կարելի է միայն ցավակցել ամբոխի սիրելիին։ Կուռքեր ստեղծելն ու դրանք տապալելը ամբոխի սիրած մարզաձևն է։

Մեր գործը կուռքերի տապալման առաջիկա փուլում պետք է լինի նախկին կուռքին ամբոխի ոտքերի տակից հանելը, ամբոխին պետական կառավարման համակարգից հեռու պահելը, ժողովրդից հասարակություն, այլ ոչ թե ամբոխ կերտելը և պետական ինստիտուտները զարգացնելը, որպեսզի ժողովրդավարությունը երբեք չվերածվի ամբոխավարության, իսկ մեր երկրի անվտանգությունն այլևս երբեք չհայտնվի դիլետանտ բախտախնդիրների ձեռքում։