Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավթաշեն վ/շ նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, թե իբր իր ունեցած տեղեկություններով. քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել:

Քաղաքապետարանը, բնականաբար, որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, և դրա կարիքը չկա. համայնքը իր կարիքների համար մինչև տարեվերջ առնվազն 8000 աղբաման, ինչպես նաև աղբահանությունն ու սանմաքրումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ գույք և տեխնիկա ձեռք կբերի:

Ընդ որում, ձեռք բերված աղբամանների մի մասն արդեն տեղադրված է Դավթաշեն վարչական շրջանում, այն նույն թաղամասում, որտեղ նախկինում կառավարում էին Ռուսլան Բաղդասարյանն ու իր թիմակիցները, և որտեղ, ըստ իրավապահների, վերջին տարներին առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ ու յուրացումներ են տեղի ունեցել:

Եթե նախաքննության այս տվյալները հաստատվեն (իսկ դրա համար առերևույթ բոլոր հիմքերը կան), ապա շատ ավելի ակնհայտ կդառնան Բաղդասարյանի՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելու հակման հիմքերը»: