Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքապետին էլ չեմ անդրադառնում ՝ աղբահանության թեմայով։ Սիրելի երևանցիներ, հիմա կփորձեմ այս խնդիրը այլ տեսանկյունից նաև ներկայացնել։ Այն որ քաղաքապետարանը մեղավոր է, բազմաթիվ անգամ ասել եմ, բայց արդյո՞ք «Սանիթեք»-ը չունի իր մեղքի բաժինը. միանշանակ ունի։

Անկախ նրանից թե ով է քաղաքը ղեկավարում ՝ այդ ընկերությունը պարտավոր էր մաքսիմալ կատարել իր պարտականությունները, ինչը չի արել և դրանով իսկ «լեզու դրել քաղաքային իշխանության բերանը»։ Ինչևիցե, այսօր մեղավոր փնտրելու ժամանակը չի, չմոռանալով Հայկ Մարությանի մեղավորությունը ( իր պատասխան տալու ժամանակը դեռ կգա ), խնդիրը լուծել է պետք։

Իմ պատկերացումով խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ ՝ առաջինը « Սանիթեք»-ը պիտի մտքից հանի դատարաններ դիմելը, դատարանների բեռի տակից՝ Երևանի պարտության դեպքում, դուրս են գալու երևանցիները (ինչպես նախկինում ասել եմ), ոչ թե Հայկ Մարությանը։ Կոչ եմ անում «Սանիթեք» ընկերության տնօրինությանը ՝ զերծ մնալ հետագայում երևանցիների համար մեծ բեռ դառնալուց։

Երկրորդ՝ այդ ընկերությունը պիտի անմիջապես, առանց որևիցե նախապայմանի, սկսի նոր ներդրումների փուլ, որ կարողանա վիճակը շտկել։ Միաժամանակ ՝ «Սանիթեք» ընկերության ՝ վերոնշյալ գործողություններին զուգահեռ, դիմում եմ վարչապետին, այս թնջուկը լուծելու համար, մի կողմ թողեք քաղաքական ամբիցիաները և արագ ճանապարհեք տուն այսօրվա քաղաքապետին, «Սանիթեք»-ի վրա հարուցված քրեական գործը կարճեք ՝ ժամանակ տալով հարկերը մուծելու համար։ Եվ անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխոսություն։ Մի խոսքով լուծեք այս խնդիրը։ Այս քաղաքապետի «եփած բորշը » երևանցիները չեն կարող մարսել»։