09:52
Հովհաննես Ավետիսյան. «Մի լուրջ, բայց պարզ կոռուպցիոն սխեմա ասեմ, որ մինչև հիմա գործում ա, ու եթե ուզում եք՝ զբաղվեք»

Շինարարական աշխատանքների մրցույթների արդյունքում կատարվող աշխատանքների տեխնիկական հսկողության համար նույնպես մրցույթներ են հայտարարվում և սրանց կարող են մասնակցել լիցենզավորված անձինք/կազմակերպություններ: Տեխնիկական հսկողության աշխատանքների արժեքը որոշելու համար ինչ-որ նորմեր կան, որոնք սահամանում է կարծես 0.5-2% գումար` հաշվարկված շինարարական, վերակառուցման և/կամ վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային արժեքի վրա: Սակայն, մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն կազմակերպությունը, որը ամենացածր գինն է առաջարկել:

Օրինակ, եթե շինարարական աշխատանքը 100 միլիոն դրամի էր ու ենթադրենք դրա վրա հաշվարկված է եղել նախնական 1% տեխնիկական հսկողություն իրականացնելու համար, ապա այդ նախնական գումարը կկազմի 1 միլիոն դրամ: Սակայն, մրցույթի արդյունքում կարող է հաղթող ճանաչվել ամենաէժան գին առաջարկողը, օրինակ 100,000 դրամով: Ու ոչ ոք նրան հարց չի տա օրինակ, եթե շինարարությունը Տավուշի մարզի հեռավոր գյուղում է, դու առնվազն մի քանի անգամ պետք է գնաս-գաս, պետք է գոնե մինիմալ աշխատավարձ վճարես հսկիչին, հետևաբար, ոնց ես անելու այդ գործը այդքան գումարով:

 

Իսկ հիմա կոռուպցիոն սխեման:

Այն մասնավոր հսկիչները, որ նորմայից շատ փոքր գումարով դիմում են և հաղթում են տեխնիկական հսկողության մրցույթները, մեծ հավանականությամբ (լիքը պատմություններ են հենց հիմա ինձ պատմում, բայց առանց ստուգելու ճիշտ չէ դրանք հրապարակել) կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում շինարարական ընկերության հետ: Օրինակ, շին. ընկերությունը պետք է սալապատեր Երևանի փողոցներից մեկի հետիոտնային մասը, և նախատեսած էր ամրության համար տակը բետոն անել: Նա բետոնը չի անում, որի համար պետությունը վճարել էր նրան, իսկ տեխ. հսկիչը աչք է փակում և դրա համար կաշառք ստանում շինարարի կողմից: Քանի որ դա հենց եղել է նրա մրցույթում հաղթելու շատ ցածր` անիրատեսական գին առաջարկելու դրդապատճառը:

Եթե սխեման պատկերացրիք, հիմա պատկերացրեք պետական պատվերներով շինարարական աշխատանքների հսկա ծավալները և մեր աչքի առաջ շատ դեպքերում դրանց անորակ ավարտուն տեսքը: Պետության` հանրային միջոցները միլիարդներով վատնվում և յուրացվում են նման կերպ, եթե նույնիսկ պետական հատվածի պաշտոնյաները չեն ներգրավվում այս հանցավոր գործում:

Այստեղ և գնումների օրենսդրության վրա գործ կա անելու և ընդհանրապես այս վերահսկողական մեխանիզմների:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս