Աննա Մկրտչյանի հրապարակումը.

«Հակասություններով լի հարցազրույցի թիրախը մեկն էր՝ բոլորի և ամեն ինչի հեղինակազրկում։ Նիկոլ Փաշինյանն իր համար նախընտրելի համակարգի պահպանումը տեսնում է միայն այս ճանապարհով։

Սահմանադրության անընդհատ մեջբերումներ, որոնք պարբերաբար ուղղորդվում էին աղավաղված մեկնաբանություններով, երկրի իրավական համակարգի մասին անբովանդակ եզրութաբանությամբ՝ օրենքները ձևական որակելուց մինչև երազանքների Սահմանադրություն։

Մինչ այս, իր կողմից աներկբա քննադատված Սահմամադրությունը, հանկարծ, դարձավ «շանս տալու» արժանի փաստաթուղթ, որովհետև այժմ Սահմանադրության թիվ մեկ շահառուն իր քաղաքական իշխանությունն է, որի անքակտելի մասն է նաև դատական իշխանության «քաղաքական ղեկավար» Վահե Գրիգորյանը։

Փաշինյանի կարծիքով սահմանադրական դատարանի որոշումները իրավական համակարգի նորմերի վերաբերյալ անկարևոր են։ Ըստ նրա քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատություն իրականացնելիս կիրառված նորմերի սահմանադրականության որոշումը հանրությանը հետաքրքիր չէ։ Այլ կերպ որակել հնչեցրած այն միտքը, որ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը զբաղված է հանրության հետ չառնչվող գործերով, պարզապես հնարավոր չէ։

Հնարավորինս զգուշորեն նշեց, որ վեթինգ անհրաժեշտ չէ, վերջնականապես հաստատելով Վենետիկի հանձմաժողովի նիստերի արձանագրության բովանդակությունն ու իշխանության անօրինական կամայականությունների ծրագիրը։

Առանց այդ էլ ընկնող վարկանիշը վերջնականապես ջախջախումից փրկելու համար դատական իշխանության հիմնահատակ արժեզրկումը չի օգնի։ Նշված «մեր դատարանը որոշեց» արտահայտությունը խոսում է ոչ թե իր կողմից այդքան «սիրված» ժողովրդավարության մասին, այլ վախի ու միակարծության մթնոլորտի մասին։ Մրցակցային դատավարությունը չի ենթադրում դատական ակտի անվերապահ ընդունում ամբողջ Հայաստանի Հանրապետության կողմից։

Այդքան հարմարավետ հարցաշարով կառուցված հարցազրույցն անգամ ի զորու չեղավ քողարկելու երկրի ղեկավար չլինելու հանգամանքը»։