Հ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«ԱԺ 7-րդ գումարման առաջին, երկրորդ և արտահերթ նստաշրջանների կատարած աշխատանքների ամփոփումը»

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2019 թվականի հունվարի 14-ին և ավարտվել փետրվարի 14-ին: Ազգային ժողովի առաջին նստաշրջանն ընթացել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված օրակարգով: Ըստ այդմ՝ ստեղծվել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ, ընտրվել են Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, հավանություն է տրվել Կառավարության ծրագրին:
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանն սկսվել է մարտի 5-ին և ավարտվել հունիսի 20-ին: Գումարվել է 6 հերթական նիստ, 4 արտահերթ նիստ և 4 արտահերթ նստաշրջան (21.06.19-25.06.19, 28.06.19-01.07.19, 01.07.19-01.07.19 և 09.07.19-10.07.19):
Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է 143 օրենք, որոնցից 6-ը «մայր» օրենքներ են, 137-ը՝ փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում, իսկ 11-ը՝ օրենք-համաձայնագրեր: 80 օրենք ընդունվել է երկրորդ հերթական նստաշրջանի, իսկ 63-ը՝ արտահերթ նստաշրջանների ընթացքում:
Ընդունված օրենքներից 8-ի հեղինակը Ազգային ժողովի պատգամավորներն են, 4-ինը՝ խմբակցությունները, իսկ 131-ի հեղինակը՝ Կառավարությունը:
Ընդունված օրենքներից 5-ի գլխադասային է համարվել առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, 2-ինը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, 5-ինը՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, 2-ինը՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, 5-ինը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, 54-ինը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 3-ինը՝ տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ինը՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, 50-ինը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, 10-ինը՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
Ընդունվել է 147 որոշում, որոնցից 3-ը՝ նորմատիվային, 114-ը՝ լոկալ, 30-ը՝ անհատական:
Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի 2 անդամ, Սահմանադրական դատարանի մեկ դատավոր, նշանակել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 7 անդամ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 5 անդամ: Լսել և ի գիտություն է ընդունել Կառավարության 2018 թվականին հավանության արժանացած' Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում), Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Ազգային ժողովն ստեղծել է երկու քննիչ հանձնաժողով՝ Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգ կտեղափոխվի առաջին ընթերցմամբ ընդունված 29 օրենքի նախագիծ: Դրանցից 28-ի հեղինակը Ազգային ժողովի պատգամավորները և խմբակցություններն են:
Շրջանառության մեջ է նստաշրջանի օրակարգ դեռևս չընդգրկված 124 օրենքի նախագիծ, որից 54-ի հեղինակը պատգամավորները և խմբակցություններն են: