Eurostat-ի համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճով Եվրոպայի առաջատար պետությունն է։ Այս առթիվ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է կատարել և շնորհավորել ՀՀ իշխանություններին հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու ևտնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ ստեղծված նախադրյալները թույլ են տալիս մինչև տարեվերջ ոչ միայն պահելու առկա տեմպը, այլև առաջիկա մեկ-երկու տարում ավելի բարձր ցուցանիշներ ունենալ:

Այս մասին, գուցե, շատ քիչ է խոսվել մեր իրականության մեջ, բայց Արցախի օրինակով անցած 11 տարիներին մենք արդեն ապացուցել ենք, որ կարելի է անընդմեջ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ասեմ ավելին, առկա են բոլոր հնարավորությունները, որ գալիք 10 տարիներին ևս պահպանենք զարգացման այդօրինակ տեմպերը: Եվ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մենք ունենք նշանակալի չօգտագործված ներուժ, որը հնարավոր է իրացնել համակարգային կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման և մեր միասնական հայրենիքի բոլոր ռեսուրսների ու ջանքերի մեկտեղման միջոցով»,- նշել է Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է նաեւ, որ պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվրտոցներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները:

«Եթե այս գիտակցումով ապրենք և արարենք, հավատացած եղեք, որ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու տեսլականը մի քանի տարվա ընթացքում իրականացված երազանք կդառնա: Այն իր հերթին ավելի անառիկ կդարձնի մեր անվտանգության միասնական համակարգը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին առավել վստահորեն դիմակայելու համար»,- գրել է Հարությունյանը: