Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Համահայկական Երիտասարդական Շարժման հրապարակմանը՝ համալսարանի պատերին նախընտրական ցուցանակներ կախելու վերաբերյալ։ ՀՊՄՀ տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի պատին երեկ, ոչ աշխատանքային օրը, առանց համալսարանի ղեկավարության գիտության, տեղադրվել է ցուցատախտակ, որի վրա փակցված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառները:

Մանկավարժական համալսարանը որեւէ կապ չունի տեղադրված ցուցատախտակի հետ: Ըստ օրենքի, դրանց տեղադրման վայրը որոշում են ԿԸՀ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը:
Մանկավարժական համալսարանը երբեք քաղաքական քարոզչությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, իսկ տեսանյութի հերոսները համալսարանի հետ որեւէ կապ չունեն:
Մանկավարժական համալսարանի հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Համալսարանը որեւէ պատասխանատվություն չի կրում այդ ցուցատախտակի փակցման համար, եւ իրենք համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան:

ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն»

Ստորև ներկայացնում ենք նաև Համահայկական Երիտասարդական Շարժման պատրաստած տեսանյութը