«ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն, անդրադառանալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառմանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ Գայանե Աբրահամյանն իր այս ստատուսում առնվազն երկու լկտի սուտ է ասում, այդ մասին Artur Danielyanը գրել է։ Ուզում եմ հարցի պրոցեդուրալ կողմին անդրադառնամ։

Ամիսներ առաջ էլի ինչ-որ կլյաուզնիկների կեղծ մատնությամբ ինձ ներգրավել էին ԱԱԾ-ի վարույթում գտնվող մի քրեական գործում՝ որպես վկա։ Էլի ֆեյսբուքյան էջի թեմա էր, որը վարողի ինքնությունը պարզ չէր, էլի ինչ-որ ստահակների ցուցմունքով թեմայի հետ բացարձակ կապ չունեցող մարդու՝ ինձ էին ներգրավել բացարձակ անբովանդակ գործում։ Անցան ամիսներ, ԱԱԾ-ն գտավ էջը վարողին, վերջում էլ գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Ասածս ի՞նչ է․ ժողովուրդ, եթե կան պատկան մարմիններ, որոնք ունեն պատշաճ գործիքակազմ՝ ֆեյսբուքյան էջեր վարողներին բացահայտելու համար, ինչո՞ւ եք մեր ժամանակը խլում։ Կլինի՞ ամեն բանսարկուի ու հիստերիկի հիվանդագին երևակայության մեջ ծնված դավադրությունների տեսությունների պատճառով չխլեք մեր թանկարժեք ժամանակը։ Բարի եղեք, գտեք ֆեյսբուքյան էջերի ու ֆեյքերի իրական տերերին ու եթե զբաղվելու հարց կա՝ զբաղվեք, իսկ մեզ էդ ամենում մի խառնեք, քանի որ ինչպես իմ դեպքում էր, այնպես էլ Արթուրի դեպքում է պարզվելու, որ տվյալ օգտահաշվի հետ որևէ մեկս կապ չունի ու արդյունքում մեզ բացարձակ անիմաստ քաշքշուկների մեջ են ներգրավում։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլի կողմից հնչել է «ֆաս» հրահանգը և ոմանք՝ կամա, ոմանք էլ՝ ակամա ստիպված են մաս դառնալ բովանդակազուրկ այս ֆարսին, բայց որքա՞ն պետք է հանդուրժենք սա։ Հիմա «Իմ Քայլը» խմբակցությունում Գայանեից բացի, դեռ 87 հոգի էլ կա։ Եթե հերթով մի ֆեյք/ֆեյսբուքյան էջի վրա գնան բողոք գրեն ու նշեն, որ ինձ, Արթուրին, կամ մեր այլ թիմակիցներին են կասկածում, պետք է 87 անգամ գնանք ապացուցելու, որ մենք ուղտ չե՞նք։ Կարո՞ղ ա գիտեք Գիքորը մենք էինք»։