ԱՄՆ դաշնային դատարանի դատավորը վճռել է, որ դաշնային դատական համակարգը իրավասու է թուրքական բանկերին պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության ժամանակ հայերից հող զավթելու համար: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:

Այդ որոշումը կցված է դատավոր Դոլի Մ. Գիի կողմից հայցի մերժմանը, որը ներկայացվել էր ընդդեմ Թուրքիայի Կենտրոնական բանկի և Թուրքիայի գյուղատնտեսական T.C. Ziraat Bankasi բանկի, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության դեմ՝ վնասի դիմաց 65 մլն դոլարի փոխհատուցման պահանջով:

Հայցվորներից մեկի փաստաբան Ռաջիկա Շահն ասել է, որ չնայած հայցի մերժմանը՝ նոր որոշումը կարևոր է, քանի որ հաստատում է, որ մարդու իրավունքների խախտման ժամանակ քաղաքացիներից ունեցվածքի գրավման դեպքում կառավարությունն անձեռնմխելի չէ ԱՄՆ-ում պատասխանատվության ենթարկվելուց:

Նշենք, որ դատական հայցը ներկայացվել է 2010 թվականի աշնանը՝ Ցեղասպանության զոհերի երեք հետնորդների կողմից, որոնք փոխհատուցում են պահանջել հողի համար, որը նրանց խոսքով՝ անօրինաբար զավթվել է օսմանյան թուրքերի կողմից, երբ նրանք 1915-23 թվականներին հայերին վտարել են Թուրքիայի հարավային Ադանա տարածաշրջանից:

Շահի խոսքով՝ հայցվորները մինչև ապրիլի 25-ը բողոքարկում կներկայացնեն:

Նշենք, որ դատավորը հայցը մերժել էր քաղաքական նկատառումներով՝ հայտնելով, որ գործով պետք է զբաղվի կառավարության գործադիր կամ օրենդիր ճյուղը, սակայն ոչ՝ դատականը:

Գլենդելի բնակիչ Վարդգես Եղիայանը Yeghiayan & Associates իրավական խորհրդատվական ընկերության ղեկավարն է: Հայցվորների թվում են նաև Վաշինգտոնի բնակիչ Ալեքս Բակալյանը, Փասադենայից՝ Անաիս Հարությունյանը և Լա Կրեսենտայից՝ Ռիտա Մահտեսյանը: Նշենք, որ Մահտեսյանը Եղիայանի կինն է:

Գլենդելի դատախազի ավագ օգնական Լյուսի Վարպետյանի խոսքով՝ նման հայցերը միայն հայցվորների գործը չեն, այլ ողջ համայնքի, որը կարող է պատասխանտվության ենթարկել թուրքական ինստիտուտներին: