«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և ֆրանսիական կառավարական որոշ շրջանակների միջև խավիարային գործարքի կնքում: Ոչ ավելին: Եվ այն, ինչ կատարվում է, ավելի մեծ հարված է Ֆրանսիային, քան մեզ, որովհետև կոռումպացված սխեմաների միջոցով հարված է հասցվում ժողովրդավարությանը, քաղաքակրթական արժեքներին: Մենք իրոք երախտապարտ ենք Ֆրանսիայի մեր բարեկամներին, որոնք շարունակում են մեզ հետ լինել և պայքարում են իրենց դատարանների դեմ: Սա մարդասիրության լավագույն դրսևորումներից մեկն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի դատարանների կողմից Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը չեղարկելու փաստին:

Ըստ նրա՝ Վալանսի քաղաքապետը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքարկելու են դատարանների որոշումները և պայքարելու են դրանց դեմ, որովհետև այն, ինչ արվում է, որևէ ձևով քաղաքական խնդիր չէ, այլ մարդասիրական հարթությունում աշխատանք է, և այդ մարդիկ շատ լավ գիտեն մարդասիրության արժեքը:

«Ցանկացած նման զարգացում՝ ինչպես մարտահրավեր է, այնպես էլ՝ նոր հնարավորություն է: Իսկ այն, որ մենք պետք է որոշ փոփոխություններ մտցնենք մեր ռազմավարության մեջ, սա միանշանակ է, այսինքն՝ պետք է է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալենք, այդ թվում՝ սփյուռքի հետ, որպեսզի կանխենք նման բարդությունները կամ հաղթահարենք դրանք»,- ասաց Դ.Բաբայանը:

Հարցին՝ հնարավո՞ր է գործընթացը կասեցնել, որ Ֆրանսիայի մյուս 8 քաղաքների նմանատիպ հուշագրերը չչեղարկվեն, Դ.Բաբայանը պատասխանեց. «Խնդիրն այն չէ՝ կչեղարկվի, թե ոչ, այլ այն, որ սկսվել է նման գործընթաց: Սա հնարավորություն է նոր մոտեցումներ կիրառելու, շտկումներ մտցնելու համար: Պետք է լավ աշխատել որոշ այլ ուղղություններով»:

Դ.Բաբայանը չբացառեց, որ այս գործընթացը կարող է տարածվել ԵՄ մյուս պետություններում. «Ոչ մի բան չի կարելի բացառել: Դրա համար ասում ենք, որ մենք պետք է այս զարգացումները հաշվի առնենք և համապատասխան շտկումներ իրականացնենք ռազմավարությունում»:

Մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր է դիմել Ֆրանսիայի պատկան մարմիններին, ԱԳՆ-ին՝ գտնելու համար այդ «խավիարասերներին», Դ.Բաբայանը պատասխանեց. «Այստեղ խնդիրը ոչ միայն անհատների հետ աշխատանքն է, այլ գործընթացների հետ ծանոթ լինելն է, վեկտորները չեզոքացնելը: Սա երկարատև աշխատանք է, այնպես չէ, որ մեկ օրում, մեկ ամսում հնարավոր է փոփոխություն մտցնել: Բայց պետք է լուրջ աշխատանք տարվի, նոր հարթություններում աշխատանք տարվի»:

Աղբյուր` 168.am