ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում  գրել է․ 

«Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին։

Նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը: 

Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով:

Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ:

Եթե հանձնաժողովականները, իրոք, ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին, ով պնդում էր, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ դա պատերազմ էր Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար:

Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է քննիչ հանձնաժողովին փաստեր ներկայացնի, որ ապրիլյան պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և հանրությանը ներկայացնի այդ փաստերը: 

Ավելին, նա՝ որպես վարչապետ, պետք է հայտարարի արդյոք մնում է նույն կարծիքին, թե այստեղ էլ է իրողություն փոխվել»: