Լինում է չի լինում մի մարդ է լինում, ապրում է էս մարդը իր գյուղում, երկար է ապրում թե կարճ, ինքն էլ չգիտի, բայց, գիտի, որ ինքը գյուղում է ապրում եւ գիտի, որ ապրում է, հետո, տարիներ են անցնում, օրերից մի օր գալիս է էս մարդը քաղաք, գրում-մրում է, քայլում է փողոցից-փողոց, տնից-տուն է գնում, կտուրից-կտուր է թռչկոտում եւ էս քաղաքը նրան շատ դուր է գալիս, սիրում է էս մարդը քաղաքը, կամաց-կամաց ինտեգրվում է, ինստիտուցիոնալվում, եւ հասկանում, որ գյուղում ապրած իր օրերը հեչ լավը չէին, հասկանում է, որ քաղաքը իր մեջ է եղել եւ իրեն շատ երջանիկ է զգում, որ վերջապես եկել է քաղաք եւ շփվում է մեծամեծերի հետ։ Օրերից մի օր էս մարդուն համակում է շատ ծանր մի հիվանդություն, նա հիվանդանում է ինքնասիրահարվածությամբ, իր ինքնագնահատականն այնքան է բարձրանում, որ մտածում է, էլ ինչ մեծամեծ, էլ ինչ կոտրած տաշտակ, ապա նայեք, ո՞վ կա ինձնից դուխով, ինձնից խելոք, ինձնից ավելի լավը․․․, չկա, չկա եւ չկա, արձագանքում են սարերը, արձագանքում են առվակները, արձագանքում են դրսից եկած փողերը, արձագանքում են ներսում՝ արդեն մոռացվածները, նախկիններն ու ապագաները, արձագանքում են դժգոհները, աբիժնիկները, հեծանիվ քշող երեխաների մամաները, արտագնայի մեկնած նրանց պապաները, մորքուրները եւ հորքուրները, սանմաքրման արկղները, բոլորը-բոլորը․․եւ այդ մարդը գյուղից քաղաք գալով, ինքնահերոսանալով, կարողանում է անել մի բան, որը մինչ ինքը ոչ ոք չէր արել, հու-հու-դըմփ, դըմփ-հու-հու եւ արձագանքը այս հնչյունների տարածվում է քաղաքում եւ գյուղում, փողոցները փակվում եւ բացվում են, արեւը մայր է մտնում եւ դուրս է գալիս, լուսինը մեկ կա, մեկ չկա, ամենուր փողոցային աղմուկ է եւ փողոցափակություն․․․ 

Մեկ էլ էս մարդը քնում-արթնանում է, թռչկոտում-քայլում, հայհոյում- ճղճղում, փռում եւ ծեփում է, բռնում- բաց է թողնում, փակում-բացում է, նայում է պահանջող հայացքով, վերելակում զրույցի է բռնվում «կիրթ» մեկի հետ եւ փողոցում ընկած մի պիջակ է գտնում, նայում է մարդը էդ պիջակին, շատ է նայում թե քիչ, ինքն էլ չի հիշում, քանի որ վերջին դեպքերի պատճառով այս մարդու գլխում խառնված են լինում իրականությունն ու երազը, ճիշտն ու սուտը, լավն ու վատը, բարին եւ չարը, վերջապես հագնում է փողոցում ընկած այդ պիջակը, դարդից չի սափրվում եւ հանգիստ նստում է իր տեղը, բոլորին էլ նույնն է ասում։ Բայց այդ քաղաքում մարդիկ, որ մասնակցել էին փակել-բացելուն, կամաց-կամաց բացում են աչքերն ու նայում փողոցին։ Հասկանում եմ մարդիկ, որ իրենց կյանքում նույն գաղջն է, ոչինչ չի փոխվել ,դեռ մի բան էլ ավելին, եւ միայն իրենց սպասելիքներն են դարձել առ ոչինչ։ Դղրդում է քաղաքը, մեղմիկ, օրորվում են պիջակի թեւքերը, օրորվում են գլուխները, քաղաքը օրորվում է ինքնաբուխ եւ մի առավոտ մարդն արթնանում է, արթնանում է իրենց գյուղի թախտին, մի կոտրած տաշտակ ոտքերի տակ, նայում է շուրջը, ոչինչ չի հասկանում, կարծում է երազում է «Երազների ժամանակը անցավ»,- ճիշտ նրա ականջի տակ ռուսախառն անգլերենով հայկական դուդուկի ուղեկցությամբ երգում են գյուղի ծերերը, Երկնքից հենց այդ պահին անթիվ-անհամար թմբուկներ, պիջակներ, գլխարկներ եւ սափրվելու պարագաներ են թափվում…

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից: