Մի շարք աղբյուրների համաձայն՝ Անկարան, ի նշան «հարգանքի» ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցների, ընթացիկ ամսվա սկզբից դադարեցրել է իրանական նավթի գնումը: Ի դեպ, Թուրքիան այն 8 երկրների շարքում է, որոնց Վաշինգտոնը շուրջ 1 տարի առաջ տնտեսական պատժամիջոցների վերականգնումից հետո տվել էր արտոնություններ, որոնք դադարեցվել են հենց մայիսի 2-ից:

Ստեղծված իրավիճակն ուշագրավ է նրանով, որ մի կողմից Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունն իր հայտարարություններում անընդհատ քննադատում է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը՝ վստահեցնելով, որ չի միանալու պատժամիջոցներին, մինչդեռ իրական գործողությունների հարթությունում անում է տրամագծորեն հակառակը:

Չի բացառվում, նաև որ Անկարան Իրանի նկատմամբ իր քայլերը սակարկում է Վաշինգտոնի հետ ներկայում ծավալվող ակտիվ ստվերային բանակցություններում՝ փոխարենը զիջումներ ակնկալելով ռուսական «С-400» ՀՕՊ համակարգերի գնման, ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման և մի շարք «մանր-մունր» խնդիրների հետ կապված: