Հետևել եմ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում կատարած հայտարարություններին ու հասկացա, որ տիկին Հակոբյանը փոխել է հայ-ադրբեջանական խնդրի թեմաներով իր քարոզչական մոտեցումը:

Մասնավորապես պետք է նշել, որ նախկինում խիստ խաղաղասիրական, փամփուշտից զարդեր պատրաստելու ու մոր անունից հայտարարություններ անելու փոխարեն, այս անգամ նա ճիշտ շեշտադրումներով պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին:

Ադրբեջանցի լրագրողը նշել է, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ միջազգայնորեն որպես Հայաստանի տարածք չի ճանաչվել: Այս հայատարարությանը Աննա Հակոբյանը պատասխանել է, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է իրենց որդին ծառայում Լեռնային Ղարաբաղի բանակում:

Աննա Հակոբյանը նշել է նաև, որ 2016 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց, նա շեշտեց , որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսել:

Իսկ ելույթը վերջացրել է դիմելով ադրբեջանցի լրագրողին հետևյալ տողերով՝ եթե խոսում եք մեր ընտանիքի կողմից կամ հայկական կողմից հնչող ուղերձների մասին, Դուք պետք է հիշեք Ադրբեջանի կառավարության, Իլհամ Ալիևի ելույթներն ու ուղերձները: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչպիսի թշնամանք են պարունակում այդ ելույթները:

Ցանկացած միջազգային հանդիպում պետք է օգտագործել ամեն գնով, որպեսզի ներկայացվի Ադրբեջանի իրական դեմքը: Վերջիններս այս սցենարով ամեն կերպ փորձում են մեզ ներկայացնել, որպես ագրեսոր, ովքեր չեն ցանկանում խաղաղության հասնել:

Իսկ այդ քարոզչության դեմ միայն խղճահարություն առաջացնելով ու խաղաղություն մուրալով պայքարելը անհնարին է: Ադրբեջանի ճակատին պետք է դաջել 2016 թվականի դեպքերը, ամեն գնով պետք է հիշեցնել նրանց ահաբեկչական հայտարարությունները, որոնց համար մի օր նրանք պատասխանատվության են ենթարկվելու, եթե մեր կողմից իրականացվող քարոզչությունը ճիշտ աշխատի: