Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գրածս կարող է երկար թվալ, բայց խնդրում եմ կարդալ մինչեւ վերջ։

Հանրապետության վարչապետի ուշ երեկոյան կոչը, համաձայն որի առավոտյան դատարանների մուտքերը եւ ելքերը պետք է փակել, շատերի համար անսպասելի կարող է լինել։ Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն շուրջ մեկ տարի իմ հրապարակային խոսքում խնդրել եւ կոչ եմ արել դատական իշխանությանն արձագանքել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, վերագտնել իրեն նոր իրողության մեջ եւ անմիջապես առաջ գալ դատական իշխանության բովանդակալից ռեֆորմի եւ անցյալի խութերը հարթելուն ուղղված առաջարկով կամ, առնվազն, դատական իշխանության ներսում այս հարցով անկեղծ քառախոսության (իշխանության երեք ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության) նախաձեռնությամբ։ Նշել եմ նաեւ, որ այս լռությունը խնդրի լուծում չէ, այլ դրա ձնագնդի էֆեկտով մեծացման, քանի որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ սպասել դատական իշխանության ինքնաքայքայմանը։ Իսկ այդ կանխելուն ուղղված նրանց միջամտությունը ամենեւին էլ համաչափ լինել կամ թվալ չի կարող, քանի որ այդպիսին է իրերի բնույթը։ Ամենաօպտիմալ փոփոխությունները կարող են իրականացվել եւ արվել միայն հենց դատական իշխանության նախաձեռնությամբ, ինչը, ցավոք, ոչ միայն տեղի չի ունենում, այլ վիճակն ավելի է վատթարանում։ Միաժամանակ, սպասելիքները գործադիր եւ օրենսդիր իշխանություններից, ինչպես նաեւ պետական/իրավական անվտանգության նկատառումները մամլիչի նման նրանց սեղմելու են միջամտել այս ճգնաժամային վիճակին։ Եւ մենք, այս պահին այդ միջամտության նախաշեմին ենք արդեն։

Հիշատակված կոչով քաղաքացիներիս առաջարկվել է փակել դատարանների մուտքերի եւ ելքերի դռները։ Ինչպե՞ս ես կարձագանքեի այս կոչին, ինչպե՞ս եմ ես այն հասկանում։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի կկանգնեի իմ նախընտրած դատարանի դռան առջեւ առավոտյան եւ, դատարանի վարչական շենք մտնելու ցանկություն ունեցող ցանկացած դատավորի կամ դատարանի աշխատակազմի աշխատակցի մոտենալիս կողջունեի նրան եւ, եթե նույնիսկ պատեհ առիթ ու հնարավորություն չլիներ ասելու այսքանը, կհամարեի, որ նա իմ աչքերի մեջ կարդալու է, որ ես գիտեմ, որ նա կամ իր կոլեգան՝

- Քաղաքական բանտարկյալներ բանտող դատավոր է եղել։ Մարդիկ, որոնք չպետք է լինեին բանտերում, բայց իր կամ իր կոլեգայի անիրավության պատճառով նրա եւ ընտանիքի անդամների կյանքերն են մաշել բանտերում։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Հայաստանը հասցրել են այնպիսի վիճակի, որ աշխարհում առաջին անգամ քաղաքական բանտարկյալների ճշգրտման չափորոշիչները ստեղծվել են հղում անելով նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին եւ քաղաքական բանտարկություններին պրակտիկային։ Կրկին, hանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ նման հազարավոր հասարակ քաղաքացիներին իրենց տանից սեփականազրկել է՝ քաղաքական եւ տնտեսական խմբավորումների եւ հանքարդյունաբերության գիշատիչներին գերշահույթ ապահովելու համար, սիկ ինձ ու իմ ընտանիքին՝ անտնություն, շատերիս էլ՝ արտագաղթ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Մարդասպաններին ազատ է արձակել, կեղծիքներով այլոց է դատապարտել։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ նման՝ օրվա ապրուստը վաստակող եւ իր՝ դատավոր եւ նրա ընտանիքի համար էլ հարկերի ձեւով բաժին հանող գործարարին, բանվորին, գյուղացուն, որ իր արդարության նկատմամբ հավատով կանգնել եմ իր առջեւ, իրավազրկել է հօգուտ մեկի, որ գնել է իր պատիվը եւ իշխանությունը կաշառքով եւ սասանել իմ հավատը պետության, արդարության եւ, առհասարակ, մարդու նկատմամբ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իր կամ իր կոլեգաների գործերով եւ վարքով հասել է նրան, որ մի գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի կոչը կամ նախազգուշացումը իր հարազատ “իրավապաշտպանները” համարում են ճնշում իր կամ իր կոլեգաների կամ իր համակարգի նկատմամբ։ Նույնիսկ չգիտակցելով, որ չկա ավելի ստորացուցիչ բան որեւէ դատավորի համար, քան մի կոչը կամ նախազգուշացումը ճնշում համարելը։ Կարծես թե դատավորները նապաստակներ են։ Մինչդեռ, նրանք այս հասարակության մեջ իրենց համարձակությամբ եւ կուռ բարոյականությամբ ամենաերեւելիները պետք է լինեին։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Դատապարտել է իմ նման շարքային քաղաքացուն՝ արդարադատության վերջին հույսը որոնել այլազգի դատավորների դատարաններում, թեկուզեւ այդ նպատակի համար եմ ես պահում իմ սուղ միջոցներով իր եւ իր կոլեգաների ընտանիքները եւ նրանց տրամադրել բազում երաշխիքներ, որոնցից զուրկ են այլ մասնագիտությունների մարդիկ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զինվորական ծառայության մեջ ոչ մարտական պայմաններում սպանված որդու, հոր, եղբոր գործով, փոխարենը նույն պետության անունից ինձ տրված բարոյաակն եւ իրավական երաշխիքների համաձայն բարոյական, իրավական եւ նյութական բավարարումը եւ արդարադատությունն առաջնահերթությամբ տրամադրելու, ինձ դատապարտել է տասնամյակներով արդարադատություն որոնել միջազգային դատավորներից։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- ինքներդ կարող եք ավելացնել ամեն մեկիդ հետ տեղի ունեցածը, եթե այստեղ չեք գտնում ձեզ։

Եւ ես հիմա հենց այդ Հայաստանի Հանրապետությունն եմ, ինչպես եւ իմ նման այլոք իմ կողքին կանգնած։ Եւ, որ ես կանգնած եմ այդտեղ իր հետ ամենաանկեղծ խոսակցություն ունենալու համար, թե ինչ է լինելու մեր բոլորի այս օրն ու ապագան սրանից հետո։ Եւ որ այս վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ, ընդամենը մի քանի ժամ եմ խնդրում իրենից իմ հետ կանգնելու եւ բարեկրթության բոլոր պահանջների պահպանմամբ խոսելու, բացատրելու ինձ մեր համատեղ անցյալի իր պատմությունը եւ համատեղ ապագայի իր տեսլականը, սպասելով, մինչեւ մենք իրար հետ կունկնդրենք սպասվելիք ուղերձին։

Ես գիտեմ, որ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք իրենց երդմանը հավատարիմ են մնացել։ Ես ամեն եկողի մեջ որոնելու եմ այդպիսինին, որովհետեւ, որպես Հայաստանի Հանրապետություն, ես իմ վարձած բարձրաստիճան ծառաների միջոցով նրանց համար սրընթաց առաջխաղացում եմ ակնկալելու, հասկանալով, որ Հայաստանում արդարադատության խավարի տարիներին, արդարադատ դատավորը մահապարտ զինվորականի պատիվը պետք է ունենա։

Ես ոչ մեկի չեմ խոչընդոտելու իր ընթացքը։ Եթե այդ դատավորը (կամ դատարանի աշխատակազմի աշխատակիցը), այնուամենայնիվ, պատիվ չի համարի ինձ՝ քաղաքացուս հետ սոլիդարաբար կանգնել եւ սպասել իմ համար նախապատրաստված ուղերձին/ելույթին, ես ամեն ինչ անելու եմ, որ նրան որեւէ մեկը մատով չդիպչի։ Որովհետեւ, ինձ համար, ի տարբերություն իրեն, Հայաստանի Հանրապետությունը ինքնահաստատման կամ անաշխատ ապրուստի հայթհայթման միջոց չի։ Հայաստանի Հանրապետությունը՝ ես եմ։ Կարեւոր է, որ նա հասկանա, որ անկախ իր նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, ես գիտեմ, որ դատավորի պատմուճանը, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, ինձ համար անձեռնմխելի է։ Ինչպես՝ Հայաստանի դրոշը, զինանշանը, ուսադիրը, ․․․

Եթե նա կկարծի, որ իմ հետ խոսելիք չունի, ես նրան չեմ խոչընդոտելու իր նպատակավայրը գնալ։ Լուռ մի կողմ կքաշվեմ իմ համախոհների հետ՝ նրա առջեւ բացելով միջանցք դեպի իր աշխատավայրը։ Եւ թող դա թող լինի իր՝ «ամոթի լուռ միջանցքը»։

Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ «ամոթի լուռ միջանցքով» անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ, արդյունավետ եւ հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսեւորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի եւ ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության եւ քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի։

Ինչու՞ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետեւ նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետեւ նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է, ․․․։ Այլ որովհետեւ նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձեւավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր եւ դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլեւս վերջ տանք վերեւի շարքին եւ բավարարում տանք իրավազրկվածներին։

Եւ ես ամեն ինչ անելու եմ, որ եթե ոմանք կարծում էին, որ ես գալու եմ իմ տասնամյակներով կուտակված արդարացի ցասումն ու զայրույթը տեղամ դատավորների վրա, փաստեմ, որ եկել եմ նրանց ձեր հետ միասնություն եւ համերաշխություն առաջարկելու։ Որովհետեւ իմ ծառաները բավարար հիմքեր ունեն արդեն անողոքաբար Սահմանադրությունն ու օրենքները գործադրելու դատավորների նկատմամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր արդարության դատելու։ Ես այդտեղ այլեւս անելիք չունեմ, իրենց հոգսն է, թող քաշեն։ Այդ ես եմ, որպես Հայաստանի քաղաքացի, որ կարող եմ բարեխոսել նրանց համար, ով սայթաքել, բայց դեմքով դեպի մարդն է մնացել կամ կխոստանա այդպես։

Ես հույս ունեմ, որ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները նույն այս տրամադրվածությունն ունեն այսօր, եւ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք։

Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ։

Բարի ու բեղուն օր եմ մաղթում բոլորիդ»։