Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ բարձրացրել Երեւանի Մայակովսկու անվան դպրոցի հարցը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեւանի քաղաքապետ պարոն Մարության, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետեւյալ տեղեկությունը։ Երեւանի Մայակովսկու անվան դպրոցի տարրականի մասնաշենքը, որտեղ մոտ 200 աշակերտ էր սովորում, 2 տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ցուցումով հանձնվել է «Գլոբալ բրիջ» կոչվող մասնավոր դպրոցի։

Այս դպրոցում այսօր սովորում է հազիվ 100 աշակերտ, իսկ Մայակովսկու դպրոցի աշակերտների կրթական գործընթացը տուժել է, որովհետեւ դասասենյակ չունենալու պատճառով կիսվող առարկաները չեն կիսվում կամ դասասենյակներում աշակերտների թիվը գերազանցում է սահմանված կանոնադրական նորմը։

Խնդրում եմ ուսումնասիրել այս գործարքի օրինականությունը, որովհետեւ այս պարագայում պետական դպրոցի շենքում մասնավոր դպրոց հիմնելը հաստատ պետական դպրոցի պայմանների վատթարացման է բերում, որը չի բխում պետական դպրոցում սովորող երեխաների կրթության շահերից։

Շնորհակալություն համագործակցության համար»: