02:13
«Ես այնքան հպարտ եմ, որ մենք կարող ենք ազատորեն մտնել Շուշի և մոմ վառել Ղազանչեցոց եկեղեցու բարձրադիր կամարներից ներս»

Սարգիս Ստեպանյանը ֆեյբուքում գրել է.

«Մայիսյան հաղթական օրերի շարքում մի առանձին գեղեցկությամբ է վեր հառնում մայիսի 9-ը, որ դեռ Հայրենական պատերազմի վերջում էր նշանավորվել մեր պապերի տարած սիրտ վեհացնող հաղթանակով, իսկ արդեն 20-րդ դարավերջին նույն այդ օրը պիտի կրկնակի լուսապսակով պատվեր՝ նշանավորվելով մեր անառիկ բերդ, մեր սեր ու հավատ Շուշիի ազատագրմամբ՝ արդեն մեր հայրերի գերմարդկային, անբացատրելի ջանքերով: Եվ այսօր ես այնքան երջանիկ եմ, այնքան հպարտ, որ մենք կարող ենք ազատորեն մտնել Շուշի և մոմ վառել Ղազանչեցոց եկեղեցու բարձրադիր կամարներից ներս՝ Բարձրյալից խնդրելով ուժ ու աննկուն կամք մեր հաղթական բանակի ամեն մի զինվորի համար: Ես մայիսի իննին Աստծուց ուժ ու զորություն եմ խնդրում նաև մորս համար, որովհետև այդ օրը նա տոնում է իր ծննդյան տարեդարձը: Շատ խորհրդանշական այդ իրադարձությունն ամեն տարի աննկարագրելի հուզմունքով է լցնում սիրտս, և ամեն տարի ավելի ու ավելի եմ համոզվում, որ այս հաղթական օրով լույս աշխարհ եկած մայրս է ապահովում մեր տան բոլոր տղամարդկանց հաղթանակները:
Թող Աստված ամուր պահի Շուշի ազատագրող մեր քաջերին ու նրանց հերոսածին մայրերին…»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս