09:18
«Ո՞վ էր ճիշտ և ո՞վ սխալվեց». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքում գրել է.

«Անցած տարի այս օրը անսպասելի ձևակերպում հնչեց։ Անսպասելի ոչ թե բովանդակության, այլ ձևի առումով։

Թեև ասում են, որ տեքստը «մոնտաժվել» է, բայց դա արդեն պատմաբաններին, այլ ոչ թե գործնական քաղաքականությամբ զբաղվողներին պետք է հետաքրքրի։

Ճշտի ու սխալի պարզաբանումից հետո մերժման շարժումը շատ արագ վերածվեց կռապաշտականի։ Ազատության լոզունգները դարձան դեպի ստրկություն տանող ճանապարհային նշաններ։

Ամբոխը ստացավ այն, ինչի դեմ առերևույթ պայքարում էր։

Ամբոխը հուզական կին է։ Նա շատ արագ գայթակղվում կամ նվիրվում է ու նույն արագությամբ հիասթափվում։ Պահանջում է ու ստանալուն պես դառնում երախտամոռ։ Տրվում է ու հետո խեղդում սեփական գրկում։

Ամբոխը ոչ մի ժամանակ և ոչ մի երկրում արարիչ գործունեությամբ աչքի չի ընկել։ Ամբոխն ավերիչ է։ Ամբոխը մարմին է՝ անընդհատ փոխվող գլխով։

Ամբոխը գլուխը կորցրած գազան է։ Այն սիրում է պոպուլիստներին ու դեմագոգներին։ Չի սիրում ռացիոնալ միտք ու բանական խոսք։

Ամբոխի թագավորության դեպքում չկան սխալվողներ ու ճիշտ վարվողներ։ Ամբոխի պարագայում սխալվում են բոլորը։ Սխալն «էն գլխից» է լինում, երբ հասարակությունը դառնում է ամբոխ։

Սխալն ուղղելու համար պետք է վերադառնալ այնտեղ, որտեղից սկսվել էր։ Երկակի ստանդարտներ չպետք է լինեն։ Եթե մերժվում է մեկի խոսքի դրժումը, ապա չպետք է հանդուրժվեն մյուսի խոսքերի բազմակի դրժումները և արտադրական մասշտաբների հասնող ստերը։

Ամբոխից հասարակություն դառնալը շատ բարդ բան է, բիոմիավորից քաղաքացի դառնալը՝ նույնպես։ Բայց եթե ուզում ենք նորմալ պետություն և արժանապատիվ քաղաքացի ունենալ, ապա այդ բարդությունները պետք է հաղթահարենք»։


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս