ԻՊ-ի զինյալներն իսկապես պարտվել են, սակայն դեռևս չի չեզոքացվել նրանց խմբավորումներից եկող վտանգը: Սիրիայի տարածքում ԻՊ-ի խմբավորման զինյալները վերափոխվել են և արդեն հանդես են գալիս տարբեր ռազմական խմբավորումներով և տարբեր անվանումներով: 

Իրաքում նույնպես կան այդպիսիք, որոնք կարող են ցանկացած պահի միավորվել և կրկին իրականացնել այն գործողությունները, որոնք իրականացրել են նախորդ տարիներին: Իրաքի տարածքում, ավելի կոնկրետ՝ Հյուսիսային Իրաքում՝ Իրաքի և Քրդստանի միջև վիճահարույց Քարաչող հարթավայրից հետո կա մի տարածք, որը չի վերահսկվում ո՛չ Փեշմերգայի, ոչ էլ Իրաքի բանակի կողմից: 2017թ.-ի հոկտեմբերին այստեղ բախվեցին Փեշմերգան և Իրաքի բանակը, որից հետո տարածքը դարձավ վիճահարույց և անվերահսկելի երկու ուժերի կողմից: Հենց այս տարածքը 2014 թ.-ին անցել էր ԻՊ-ի վերահսկողության տակ, սակայն այն հետո ազատագրվեց Փեշմերգայի և PKK-ի կողմից: Այժմ, երբ այստեղ երկու ռազմական ուժերը դեռ չեն մտցրել ճշգրտում վերահսկման առումով, բավականին պարարտ հող է ստեղծվել ԻՊ-ի, այսպես ասած, փախստական զինյալների հավաքման համար: 

Չնայած այն բանին, որ ԻՊ-ը պաշտոնապես 2017-ին հայտարարել էր, որ Իրաքից դուրս է եկել, այսինքն՝ պարտվել է Իրաքում, միևնույն է, այստեղ դեռ ԻՊ-ի վտանգը կա: Մասնավորապես Մախմուրի շրջանում ԻՊ-ի ներկայությունը զգում է տեղի բնակչությունը: 

Լեռներում, անտառներում թաքնված ԻՊ-ի առանձին խմբերն անընդհատ հարձակվում են տեղի բնակչության մեքենաների , անասունների հոտերի վրա: Թալանում են մարդկանց: Չնայած սրանք երբեք ԻՊ-ի անունը չեն տալիս, մարդկանց չեն սպանում, սակայն, ըստ բնակիչների վկայության, ակնհայտ է, որ ԻՊ-ի զինյալներ են կամ գաղափարակիցներ: Մախմուր շրջանում երբ հարձակվում են ավտոբուսների վրա, սրանք բնակչությանը չեն վնասում և միշտ շեշտադրված ասում են, որ գիտեն, թե Մախմուրի բնակչությունն ինչ վատ է ապրում, աղքատ է ապրում, և շուտով լավ է լինելու, այսինքն՝ փորձում են տրամադրություն ստեղծել: 

Մախմուրի բնակչությունը նաև պնդում է, որ ԻՊ-ի զինյալներն իրենց ընտանիքներով են գտնվում այդ տարածաշրջանում, բազմիցս հանդիպել են անծանոթների լեռներում, անտառներում և քարանձավներում: Մախմուրը Էրբիլից մեկից մեկ ու կես ժամվա հեռավորության վրա է և միակ վայրն է, որտեղ ո՛չ Փեշմերգան, ո՛չ իրաքյան բանակը ներկայություն չունեն: Մախմուրի բնակչությունը ստիպված ինքնապաշտպանական ջոկատներ է կազմել: