07:56
Հայաստանի կառավարությունում գրեթե ոչ ոք իր տեղում չէ… Այսպես երկիր չեն կառավարում…»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի կառավարությունում գրեթե ոչ ոք իր տեղում չէ…

Ապրիլի 13-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խայտառակ իրադարձություններն ինձ համար վերջնականապես ապացուցեցին, որ Փաշինյանի նախարարներից գրեթե ոչ ոք իր տեղում չէ…

 

Զարթոնքի գյուղապետի շուրջ ծավալված զավեշտալի իրադարձությունների արդյունքում գյուղ պետք է այցելեր ոչ թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, այլ` Տարածքային կառավարման և զարգանցման նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեղի էր ունեցել նաև զենքի կիրառում՝ ՀՀ ոստիկանապետը կամ նրա տեղակալը… Սանասարյանի «շանտաժային» այցը Զարթոնք, որի հետևանքով գյուղապետը հրաժարական տվեց, ուղղակի զարմանալի էր, քանի որ այդ նույն “շանտաժային” առաքելությամբ գյուղ կարող էր այցելել վերը նշված պարոն Պապիկյանը, որն ի պաշտոնե պետք է զբաղվեր Զարթոնքում ծագած խնդիրներով…

Նույն հաջողությամբ Զարթոնք կարող էր գնալ ԱԱԾ պետը կամ արտգործնախարարը…

Այն, որ հետհեղափոխական Հայաստանում որոշ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, պարզ երևաց Չարենցավանի դպրոցներից մեկում ծագած խնդիրներից, երբ հարցի լուծման համար Չարենցավան այցելեց հենց ՀՀ վարչապետը… Զարմանալի քայլ էր Փաշինայնի կողմից…

Հետո ԿԳՆ-ն ձախողվեց ԵՊՀ-ի հարցում, երբ նախարարը, առաջնորդվելով «ԵՊՀ-ի 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի» կարգախոսով, տապալեց ԵՊՀ հոգաբարձուների նիստում Սիմոնյանի «հրաժարականի» հարցը, որին կրկին ստիպված անդրադարձավ Փաշինյանը՝ հերթական անգամ փորձելով «մաքրազերծել» իր ձախողված կադրին… Նույն խայտառակ իրավիճակն էլ Ավշարի դպրոցում էր, որտեղ անվերահսկելի իրավիճակը կարգավորվեց միայն Փաշինյանի` այդ խնդրի մեջ ներքաշվելուց հետո… Իր տեղում չէ իսպանական կրքոտ պարերի սիրահար մշակույթի նախախարի պաշտոնակատարը, որն ԱԺ-ում պատգամավորների բազմաթիվ հարցերին պատատասխանում էր լակոնիկ՝ տեղյակ չեմ…

Իսկ Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Օրբելյանի շուրջ ստեղծված սկանդալին կրկին միջամտեց վարչապետը, քանի որ տիկինն ունակ չեղավ վերադասի հանձնարարականը հանդարտ առաջ տանել… Իր տեղում չէ կապի և տրանսպորտի նախարարը… Հայաստանի ճանապարհները երբրևէ այսպիսի սարսափելի վիճակում չեն եղել, ինչ այժմ…

Հեռու չեմ գնա. Երևանը Գյումրիին կապող երկու ճանապարհներն էլ՝ Թալինով և Արմավիրով, տարրականորեն ավերված են… Պատասխանատուները լռում են… Այնպիսի տպավորություն է, որ պարոն Վանեցյանը, որն իր բաց գործունեության շնորհիվ դարձել է ԶԼՄ-ների և հասարակության “լյուբիմչիկը”, ԱԱԾ պետը չէ, իսկ ԱԳ նախարար պարոն Մնացականյանը, որն իր “ծածուկ” գործնեությամբ ուղղակի չի երևում, ԱԱԾ պետն է…

Ժամանակին, ՀՀԿ-ի օրոք, շատ հարցեր, օրինակ՝ Ախուրյանի սպորտդպրոցի տնօրենի նշանակման,Կապանի բժշկական կենտրոնում սանիտարի գործի ընդունման, Շիրակի պետհամալսարանում ինձ և գործընկերոջս գործից կրճատելու և երկրի առաջին դեմքի համար մանր-մունր համարվող շատ հարցեր լուծվում էին Սերժ Սարգսյանի կաբինետում…

Բայց այդ բեսպրեդելը վերջինս անում էր համապատասխան ոլորտի պատասխանատուների ձեռքերով՝ առողջապահության, սպորտի և երիտասարդության, ԿԳ նախարարի միջոցով՝ սեփական որոշումներին տալով օրինական շղարշ… Նիկոլ Փաշինյանի կառավարությունում բարձիթողի վիճակ է… Մարզային դպրոցում ծագած խնդիրների, ռեկտորի գործից հանելու և այլ հարցեր լուծելու համար խառնվում է վարչապետը, գյուղապետի հետ հարցերը լուծելու համար գյուղ է գնում բացարձակ այդ հարցերի հետ կապ չունեցող ՊՎԾ պետը… Չեմ զարմանա, եթե շատ շուտով ԱԳՆ-ին վերաբերող մեկնաբանություններով հանդես գան առողջապահության կամ արտակարգ իրավիճակների նախարարները…

Այս ամենից կարող եմ ենթադրել, որ կամ Փաշինյանն է գիտակցաբար բոլոր հարցերի լուծումն իր վրա բարդում՝ հասարակությանը համոզելու, որ նա ունակ է բոլոր խնդիրներին լուծում տալ՝ սեփական PR-ն ապահովելով, կամ էլ իր նախարարները ունակ չեն հասարակ հարցերին լուծում տալ և նա ստիպված է կամ ինքը դրանք լուծել, կամ էլ այդ հարցերը կարգավորելու համար «դեպքի վայր» ուղարկել վստահելի մարդկանց… Ամեն դեպքում, երկու պարագայում էլ դա նորմալ չէ… Այսպես երկիր չեն կառավարում…»:

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս