08:51
«Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի համաքաղաքացիներ, վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակաը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում: Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք: Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»։


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս