Նիկոլ Փաշինյանը գնալով նմանվում է Դոն Քիշոտին, արդեն սկսել է պայքարել հողմաղացների դեմ…

Իշխանափոխություն, հեղաշրջում կատարած առաջնորդների նման նա ամեն տեղ «ուրվականներ», հակահեղափոխականներ ու թշնամիներ է տեսնում՝ մոռանալով, որ այլախոհությունը թշնամանք չէ, որ ինքը սեր ու հանդուրժողականություն էր քարոզում: Նրա բարկությունը՝ հաճախ ոչ ադեկվատ, հիստերիկ ու ցուցադրական, ամեն ինչին արձագանքելու սովորությունը, իշխանությունը կորցնելու վախի և հնարավոր հետևանքների գիտակցման պատճառով, նրան գցել է ցայտնոտի մեջ, և նա սկսել է սխալ սխալի հետևից թույլ տալ:

Զարմանալի է, որ երկրի ղեկավարն անձամբ է Ֆեյսբուքում, կայքերում քննարկվող հարցերին, բանավեճերին, մեկնաբանություններին արձագանքում և պատասխանում…

Նա լրագրող չէ, նա կիսապատերազմական վիճակում գտնվող, վերջին ամիսներին քայքայման հասցված տնտեսություն ունեցող, երկփեղկված հասարակություն և հանդուժողականության թշնամանքով լեցուն երկրի հոգսաշատ ղեկավարն է և պետք է հասկանա, որ հարկավոր է գտնվել այնպիսի դիրքում, որ իր ներկայությամբ զանազան պաշտոնյաներ «ռազբորկաներ» չանեն, իսկ համազգեստ կրող և սովորական քաղաքացիները պատկառանքով և հարգանքով վերաբերվեն պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց։ Հիշեք, որ դուք բոլորդ՝ պաշտոնյաներդ, «բածկա մախնոներ» չեք։ Եվ պետական կառավարման մարմինները պետք է գործեն պրոֆեսիոնալ, հստակ և կազմակերպված։

Իսկ երկրի առջև ծառացած խնդիրները շատ-շատ են, բարդ, բարդագույն և ճակատագրական՝ բոլոր առումներով։