Պատերազմները միշտ եղել են ռուս-թուրքական պատմության մի մասը, և երկու երկրներն էլ մշտապես բախվել են ռազմադաշտում կամ գտնվել են սառը պատերազմի մեջ: Գրեթե կես դար գտնվել են սառը պատերազմի մեջ, եղել են հակառակորդ թշնամական ճամբարներում:

Այս շրջանում երկու երկրների փոխհարաբերությունների փոխակերպումն, ըստ էության, խոշոր շրջադարձային կետերից մեկն այն է: Հարաբերությունների շրջադարձային փոխակերպման կարևոր մասն այն է, որ Թուրքիան որոշեց գազ գնել Ռուսաստանից: Սառը պատերազմի ավարտից հետո այս երկրների միջև կար դինամիկ զարգացող տնտեսական համագործակցություն, որը դարձավ երկկողմ հարաբերությունների բարելավման հիմք: Թուրքիան և Ռուսաստանը ներկայիս ռազմական համագործակցության բաղադրիչին փորձում են ավելացնել այնպիսի հարաբերություններ, որոնք մենք հաճախ անվանում ենք «ռազմավարական գործընկերություն»:

Թուրքիայի կողմից S-400 հակաօդային հրթիռային համակարգը Ռուսաստանից ձեռք բերելու որոշումը կարող է ոչ միայն թուրք-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա դնել, այլև կարող է անսպասելիորեն ազդել Անկարայի Տրանս-ատլանտյան դաշինքի հետ կապերի վրա:

Ի տարբերություն ռուս-թուրքական պատմության՝ Թուրքիան և ԱՄՆ-ն պատմականորեն լավ հարաբերություններ են ունեցել, և լինելով Տրանս-ատլանտյան դաշինքի անդամ՝ դա նրանց ռազմավարական դաշնակիցներ է դարձրել:

Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքական, ռազմական համագործակցությունը հաջորդում է տասնամյակներ շարունակ տևած սառը պատերազմին, իսկ սառը պատերազմից հետո թերևս կարելի է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկան նոր առաջընթաց է ապրում: 1990-ականներից Թուրքիան փորձում էր տնտեսական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ, որը մասամբ հաջողվում էր, սակայն չէր հաջողվում ռազմական համագործակցությունը, սակայն այսօր այդ համագործակցությունը կա և զարգանալու միտում ունի: 

Արդյունքում, երբ ամերիկա-թուրքական հարաբերությունները որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ընկան (ասենք` հայկական կամ հունական հարցերի կամ մարդու իրավունքների խախտումների պատճառով), ռազմական գերատեսչության ներկայացուցիչները (Պենտագոն) կամ ռազմական արդյունաբերությունը սկսեցին միջամտել կամ ճնշում գործադրել Անկարայի վրա խնդիրները լուծելու համար:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շրջադարձային եղան, երբ ԱՄՆ-ն Սիրիայում բացահայտ աջակցեց քրդերին՝ անտեսելով Թուրքիայի զգուշացումներն ու կոչերը: 

ԱՄՆ-Թուրքիա ճգնաժամը փորձում են մեղմել գործարարները, որոնք հարաբերությունները ամրապնդելու համար վերանայում են իրենց հուշագրերը, պայմանագրերը և այլն: Սակայն կարծես թե ԱՄՆ-ն չի հանդարտվում և սպառնում է կասեցնել F-35 կործանիչների մատակարարումը, եթե S-400-ի գնման գործընթացը Թուրքիան շարունակվի: Ամռանը, երբ սկսվի S-400-ների մատակարարումը, կանխատեսում եմ նոր փոթորիկ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: 

Թուրքական գործարար համայնքը կարծես թե պատրաստվում է ճգնաժամաի, քանի որ գործարար համայնքը հանդես է եկել մի կառույցի ստեղծումով, որը կոչվում է Ճգնաժամային համատեղ կառավարում: Այս կառույցը ենթադրում է թուրք և ամերիկյան գործարարների համատեղ կառավարում, որը ճգնաժամերի ժամանակ փորձելու է գտնել մեղմացուցիչ ճանապարհներ: Մի քանի օրից՝ ապրիլի 15-ին, Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա 
կոնֆերանս, որը, կարծում եմ, վերջին հնարավորությունն է գործարար լայն շրջանակների համար երկխոսության մասով: Այս կոնֆերնասը, որը 37-րդն է, տեղի է ունենալու մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենավատ վիճակում: 

Թուրք գործարարները մտադիր են այս կոնֆերանսին հաղորդել բացառապես տնտեսական նշանակություն և կարևորություն, նրանք արդեն հանդես են գալիս հայտարարություններով, որ պետությունների քաղաքականությունները չպետք է ազդեն գործարարների վրա: 

Թուրք գործարար համայնքը դժգոհում է, որ չկա որեւէ երկիր, որի հետ Թուրքիայի տնտեսական հարաբերություններն այսքան խոցելի լինեն հնարավոր քաղաքական/ռազմական խնդիրների պատճառով, այդ իսկ պատճառով գործարար համայնքի ներկայացուցիչները ցանկանում են դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները: Սակայն չեմ կարծում, որ նրանք կհասնեն հաջողության առանց քաղաքական հարաբերությունների բարելավման: Հակառակը, այս շրջանում Վաշինգտոնը փորձելու է խոսել սպառնալիքի հռետորությամբ: Թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի կառավարությունները մտադիր չեն փոխել իրենց քաղաքականությունը, և կարծես թե միմյանց համար դարձել են անընկալելի:

Թուրքական կողմն ամերիկյան կողմին հանդիպումների ժամանակ միշտ առաջարկել է ստեղծել համատեղ խորհրդատվական խորհուրդ, որը բաղկացած կլինի գիտնականներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որոնք հնարավոր է՝ կարողանան ԱՄՆ-Թուրքիա օր-օրի վատացող հարաբերությունները գոնե կայունացնեն իրենց խորհրդատվական խողովակներով: 

Թուրքիան մեծ ակնկալիքներ ունի ապրիլի 15-ին կայանալիք ամենամյա համատեղ կոնֆերնասից, դրա վառ ապացույցն է այդ կոնֆերանսին ֆինանսների նախարարի, պաշտպանության նախարարի, տնտեսական զարգացման նախարարի և այլ մի շարք նախարարների մասնակցությունը: 

Վերջին հաշվով, ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումն ուղիղ համեմատական է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը: Չեմ կարծում, որ գործարար շրջանակներին կհաջողվի քաղաքականությունից տարանջատել տնտեսությունը:

Վերլուծաբան, փորձագետ Կ. Հովհաննիսյան