«Ես միայն ողջունում եմ, որ մարդկանց մտածելակերպի մեջ փոփոխություններ են եղել և մարդիկ իրենց խնդիրները բարձրաձայնում են: Ամենակարևորն այն է, որ նրանք դա անում են առանց վախի, գիտակցում են, որ իրենք ունեն փողոցում հավաքվելու, արտահայտվելու, բողոքելու հնարավորություն»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը` անդրադառնալով վերջին շրջանում հաճախ տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Հարցին, թե արդյո՞ք դրանց մեջ չկան այնպիսի պահանջներ, որոնց համար բողոքի ցույց կազմակերպելն անհիմն է, թե՞ իսկապես կան խնդիրներ, որոնք գուցե անլուծելի են, պատգամավորը պատասխանեց.

«Անլուծելի խնդիրներ չկան, ցանկացած հարց իր լուծումն ունի: Ինչը վերաբերում է անհիմն կամ հիմնավոր լինելուն, ապա, եթե օրինակ՝ վերցնենք Օպերայի սրճարանների ապամոնտաժման հետ կապված բողոքի ալիքները, ապա դրանց ճնշող մեծամասնությունը անտրամաբանական է, չնայած նրան, որ ցանկացած մարդ իրավունք ունի իր բողոքը արտահայտել: Բողոքի արտահայտման իրավաչափ և համաչափ ձևեր կան»,- ասաց Գոռ Գևորգյանը` վստահեցնելով, որ այժմ ստեղծված է մի իրավիճակ, երբ մարդիկ համարձակ արտահայտում են իրենց հուզող հարցերը, դրանք քննարկվում են և հանրային շահին համապատասխան լուծումներ ստանում:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ