Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեք տարի առաջ այս օրերին ծառայություն է իրականացրել Պաշտպանության բանակի շտաբում ու հենց այնտեղից է միացել Ապրիլյան ռազմական գործողություններին՝ որպես ռազմական բժիշկ։ Նա գիշերը՝ 4։00-ին, հիշել է 2016 թվականի ապրիլի 2-ի այդ ժամի ու հաջորդող իրադարձությունների մասին։

«3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը տագնապով արթնացրեց այդ օրվա հերթապահ լեյտենանտ Թորոսյանին, քանի որ հակառակորդը հանկարծակի հարձակման էր անցել։ Այնուհետև ամբողջ Պաշտպանական բանակը արագ բերվեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի դիմագրավի և հետ շպրտի հակառակորդին։

Հաջորդող մի քանի օրերին, երբ մեր ստորաբաժանումները հակահարված էին տալիս հակառակորդին, ՊԲ ռազմաբժշկական բաժնի համածառայակիցներիս հետ միասին հիմնականում զբաղվում էինք վիրավորների տարհանման և ռազմաբժշկական ծառայության կազմակերպման աշխատանքներով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ հավելյալ զոհերից։

Մնացածի մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել։

Փա՛ռք Հայոց Բանակին։

Հավերժ փա՛ռք հերոսներին»,- գրել է նախարարը։