16:18
«Այս ամենը մեր աչքի առաջ է կատարվում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սպանություն Տավուշում, սպանություն Ջրվեժում, սպանություն Աբովյանում, Կիրովականում, սպանություններ Երևանի կենտրոնում և ծայրամասերում: Չէ, դեպքերը որևէ կապ չունեն առաջնագծում տեղի ունեցող գործողությունների հետ: Այս ամենը մեր աչքի առաջ է կատարվում՝ խաղաղ պայմաններում, երբ որդին սպանում է հորը, եղբայրը եղբորը, ընկերն ընկերոջն ու այդպես շարունակ: Դեռ չեմ հաշվում, որ ինչ-որ մեկը հարբած նստում է մեքենայի ղեկին ու փաստացի վտանգի տակ է դնում հարյուրավոր քաղաքացիների կյանքեր՝ երիտասարդների, կանանց, երեխաների, ծերերի, վերջիվերջո սեփական կյանքը, որը ամեն ինչից թանկ պետք է լիներ, բայց պարզվում է, որ ոչ: Օրական մի քանի հատ նմանատիպ հայտարարություններն արդեն բթացրել են չէ՞ մեր ուղեղի այն հատվածը, որը պետք է անհանգստանա քաղաքացու անվտանգությամբ: Սրան էլ գումարած մի քանի խուլիգանության դեպքեր ու պատկերն ամբողջական կստացվի: Իսկ որ ասեմ՝ պատերազմող երկրում վերջին անգամ թշնամու գնդակից զոհ ենք ունեցել անցած տարվա ընթացքում, հո շա՞տ չեք զարմանալու: Հա, էս փողոցներում տեղի ունեցող էդ անհանդուրժողական հարաբերություններն ազդում են բանակի վրա: Հա, չեք պատկերացնի, բայց դա թշնամու կրակոցին հավասար խնդիր է, որի լուծումը մեր մեջ է: Սրա համար բանակցություններ, հանդիպումներ չեն կազմակերպվում: Սրա դեպքում ուղղակի նայում են ուղիղ խնդրին, որպեսզի հասկանան, թե մենք իրականում ինչ ենք ցանկանում: Մենք փողոցում կանգնած մեր հայրենակցին չենք կարողանում փրկել ինչ-որ մեկի դանակի հարվածից, բայց պահանջում ենք, որ բանակի սպան, գիշերվա կեսին, 1000 և ավել զորք ունեցող զորամասի ամեն զինվորի քայլին հետևի: Հա ու պետք ա հետևի, դա իր պարտականությունն է: Բայց ստեղ արդեն հարց ա ծագում, թե այդ սպան ո՞ւմ պետք է հետևի՝ փողոցում դանակով մարդ խփողի՞ն, կացինով մեկի գլուխը տան մեջ ջարդողի՞ն, թե՞ երիտասարդին, ով եկել է իր պարտքը 2 տարով տալու ու տուն վերադառնալու, այդ ընթացքում նաև մնացածի տան ճանապարհը չփակելով: Այս թեմային ես անվերջ անդրադառնալու եմ, որ վերջապես գիտակցենք, որ բանակում ծառայող զինվորն էլ, սպան էլ մենք ենք: Ես եմ, դու ես, էն մյուսն ա, մեր հարևանն ա, մեր ընկերն ա: Ու մենք ինչպես իրենց ուղարկենք բանակ, իրանք նույն կերպ ծառայելու են: Հանցագործ ուղարկենք, ապա կունենանք մեկ հանցագործ սպա կամ զինծառայող: Նորմալ, գիտակից քաղաքացի կուղարկենք, ապա կունենանք կիրթ և գրագետ սպա կամ զինծառայող: Սա նենց խնդիր ա, որ մեր ձեռքերում ա, որ մենք մեր ամեն օրվա քայլերով ենք դրան գնում: Շառ ու փորձանքից հեռու եղեք»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս