Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Skype-ով զրուցել է ՍԴ դատավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք վերջինիս ֆեյսուքյան էջից: Հովհաննիսյանը մասնավորապես գրում է. «Սիրելի ընկերներ,

քիչ առաջ սկայպով զրուցեցի Հանրապետության Նախագահի հետ։

Շատ դրական եմ համարում, որ Նախագահը հաշվի առավ իմ դեպքի առանձնահատկությունը (որ աշխատում եմ Բեռլինում ու ցանկացած պահի Երևան գալ չեմ կարող) և սկայպով զրուցելու հարցում որևէ խնդիր չտեսավ։

Զրուցել ենք մոտ 25 րոպե հիմնականում իրավական հարցերի մասին։

Մյուս երկու թեկնածուների հետ զրուցելուց հետո Նախագահը կորոշի, թե ում թեկնածությունն առաջարկել։

Հ․Գ․ Երբ իմ գերմանացի ընկերներին ասացի, որ Հանրապետության Նախագահի հետ խոսել եմ սկայպով, բոլորի աչքերը զարմանքից չռվեցին»:

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել 3 հավակնորդ՝ Վահե Գրիգորյանը, Գոռ Հովհաննիսյանը և Մարտին Մանուկյանը: