1,5 տարվա ծառայող էի, դասակի հրամանատար։ Մի քանի օրից պետք է 10 օրով արձակուրդ գայի Հայաստան։ Բարձրացանք դիրքեր։ Մարտական հերթափոխն ընդունելուց առաջ սպայական պայուսակիցս հանեցի զինվորներիս հասցեագրված նամակները, բաժանեցի տղեքին ու ասեցի․

- Տղե՛ք ջան, դե կարդացե՛ք, դուխավորվե՛ք, որ բարձր տրամադրությամբ հելնեք պոստեր։

Մի քանի ժամ հետո արդեն խրամատում նկատեցի, որ զինվորներիցս մեկը՝ ապարանցի Հակոբը, անտրամադիր է։ Կանչեցի մոտս.

- Ի՞նչ ա պատահել։ Տնեցիք լավ ե՞ն։ Հո խնդիրներ չկա՞ն։

- Ա՛րմ, մի քանի օրից ծնունդս ա, մերոնք գրել են, որ գալու են, բայց դե չեմ ուզում՝ գան... Պարտք են անելու հաստատ, որ գան...

Ամեն ինչ հասկացա, քանի որ գիտեի՝ շատ անապահով ընտանիքից էր զինվորս...

Մեկ շաբաթից դիրքերից իջանք, գնացի շտաբ ու ինձ հասանելիք արձակուրդս վերաձևակերպեցի զինվորիս անունով։ Մի տեսակ ներքուստ թեթևացա, բայց երբ վերադարձա զորանոց ու ուզում էի զինվորներիս հայտնել, որ իմ փոխարեն Հակոբն է գնալու արձակուրդ, հանկարծ հիշեցի, որ ևս երեք նման զինվոր ունեմ, ովքեր դեռ արձակուրդ չեն գնացել, իսկ ընտանիքներն էլ շատ անապահով են, ու ծնողները չեն կարող ՎԵՌՏԱԼՅՈՏՈՎ, տնով-տեղով, ամբողջ ցեղով հելնեն, հասնեն Արցախ՝ իրենց ՊՈՍՏ ՊԱՀՈՂ որդիների ծնունդը նշելու... 

Թե բա՝ անվտանգության խորհրդի արտագնա նիստ Արցախում։

ՀԳ. Աշոտ ջան, ծնունդդ շնորհավո՛ր, եղբա՛յր, բայց...

ՀԳ. 2. ՀՀ անվտանգության խորհրդի նիստն այս օրերին Արցախում անցկացնելը հիանալի գաղափար է, կեցցե՛ք...