Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին լքել Հայաստանը: Այն դեպքում, երբ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

ԼՈւՐԵՐ.com-ը ԱԱԾ-ից փորձեց ճշտել՝ արդյոք վերացվե՞լ է Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոցը, ինչ հիմքով են թույլատրել, այստեղից պատասխանեցին. «Նայեք Քրեական դատավարության օրենսգրքի 144 հոդվածը և կստանաք Ձեր հարցերի պատասխանները»,- նշեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

Ըստ քրեական դատավարության օրենքի, չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին: Ինչպես նաև՝ կասկածյալից կամ մեղադրյալից չհեռանալու մասին ստորագրությունը վերցնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը, այս դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայությունը:

Հայաստանը լքելու ի՞նչ անհրաժեշտություն ուներ Հայաստանի երրորդ նախագահի եղբայրը, թե ե՞րբ, որքա՞ն ժամանակով է հեռացել երկրից, ԱԱԾ-ից չեն մանրամասնում։ Իսկ թե ի՞նչ երաշխիքներ ունի ԱԱԾ-ն, որ Ալեքսանդր Սարգսյանը կվերադառնա՝ ևս հայտնի չէ և չի բացառվում, որ նա գնա այնպիսի երկիր, որի հետ Հայաստանը արտահանձնման պայմանագիր չունի։ Պատմությունը, հնարավոր է կրկնվում է, ինչպես ասենք՝ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվեց որպես Ֆրանկլին Գոնսալես, այնպես էլ Սաշիկ Սարգսյանին գտնվի որպես Ֆրանկլին Գոնսալեսի հայր՝ Խուան Գոնսալես անունով։

«Եթե ստորագրությամբ չհեռանալու մասին խպափանման միջոցը կասկածյալը կամ մեղադրյալը խախտում է, դա կալանավորման հիմք է, եթե սահմանված ժամկետում վերադառնում է՝ որևէ խնդիր չի առաջանում։ Չվերադառնա կմտնեն դատարան, կկալանավորեն, կհայտարարվի միջազգային հետախուզում»,- ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Նշենք, որ օրեր առաջ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհայտույց փոխանցել է 18,5 մլն դոլար՝ որպես իր նկատմամբ հարուցված քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում բացահայտված չարաշահումների փոխհատուցում։ Ստացվում է վերջինիս կողմից արված այս հեռատեսական քայլը պատահական չէր և բոլորովին այլ ակնկալիքներ ուներ. 18.5 մլն դոլար՝ երկրից հեռանալու դիմա՞ց: Եթե այդպես է, ապա ո՞վ է «դաբրո» տվողը:

Հիշեցնենք` ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ, 2018թ.–ի հուլիսի 9-ին  Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել։

Սոնա Հարությունյան